ՏՄՊՊՀ-ն հորդորել է առևտրի կետերում կաթնային յուղի փոխարինիչով մթերքները ցուցադրել կաթնային մթերքներից առանձին
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչների հետ կաթնամթերքի իրացման փուլում սպառողների մոլորության, անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորումների կանխելարգելմանը, տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար մրցակցային պայմանների ապահովմանը վերաբերող հարցեր քննարկելու նպատակով: Հանդիպումը վարել է հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը: Հանդիպմանը մասնակցել են «Էվրիկա», «Ծիրան», «Կրպակ», «Նոր Զովք», «ՍԱՍ», «Սիթի», «Քարֆուր» առևտրի ցանցերի ներկայացուցիչներ:
Հայկ Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին հրավերին արձագանքելու համար, տեղեկացրել է, որ լիազոր մարմնի կողմից արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում սահմանել կաթնամթերքի դասավորվածությանը ներկայացվող պարտադիր պահանջներ, որպեսզի սպառողը հեշտ կողմնորոշվի և կարողանա հստակ տարբերակել՝ կաթնային, թե կանթային փոխարինիչով կաթ պարունակող մթերք է ձեռք բերում: Հանձնաժողովի կողմից կանթամթերքի ոլորտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում բազմաթիվ են դեպքերը, երբ սպառողներն ապրանքի արտաքին տեսքի նույնական կամ շփոթության աստիճանի նման լինելու պատճառով հաճախ են մոլորության մեջ ընկնում և հաճախ չգիտեն, որ, օրինակ, թթվասերի փոխարեն մշտապես գնում են թթվասերի տեխնոլոգիայով պատրաստվող կաթնային յուղի փոխարինիչով մթերք:
«Մենք ցանկանում ենք հորդորել Ձեզ՝ մինչև օրենքի կիրառումը համագործակցության սկզբունքով աշխատել և նախաձեռնել այդ փոփոխությունները, որպեսզի առևտրի կետերում կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքները ցուցադրվեն կաթնային մթերքներից առանձին՝ տարբեր սպառողական դարակներում կամ սառնարաններում կամ այդպիսի հնարավորության բացակայության դեպքում՝ դարակի կամ սառնարանի միմյանցից առանձնացված հատվածներում՝ միաժամանակ հստակ, տեսանելի և ընթեռնելի նշելով ապրանքախմբերի անվանումները»,-նշել է ՏՄՊՊՀ ներկայացուցիչը՝ հավելելով, որ հանձնաժողովի աշխատակիցները պատրաստակամ են այցելել և տեղոււմ մասնագիտական խորհրդատվություն տրամադրել, ինչպես նաև օժանդակել հանրայնացնելու իրականացված փոփոխությունները:Տնտեսվարողները ընդհանուր առմամբ դրական են արձագանքել փոփոխություններին՝ միաժամանակ բարձրացնելով մի շարք հարցեր, որոնց հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից պարզաբանումներ են տրվել:
Կարծիքներ