Նախարարը Netflix-ի համար ՀՀ ստարտափ էկոհամակարգի մասին ֆիլմ նկարահանողների հետ քննարկում է ունեցել
Հեղինակավոր կինոհեռարձակող Netflix-ի համար Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող 10-12 մասանոց ֆիլմ կնկարահանվի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, նշելով, որ ծրագրի հեղինակներ Ռաֆայել Թադևոսյանի և Արթուր Ալոյանի հետ քննարկել է նախագիծը:
«Հեղինակավոր կինոհեռարձակող Netflix-ի համար Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող ծրագրի հեղինակներ Ռաֆայել Թադևոսյանի և Արթուր Ալոյանի հետ քննարկեցինք նախագիծը, կատարված աշխատանքները, առաջիկա ծրագրերը և համագործակցության հնարավորությունները»,- գրել է նախարարը:
«Musk Factor» 10-12 մասանոց ֆիլմը պատմելու է չորս տղաների մասին, ովքեր անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները։
«Նախագիծը թույլ կտա աշխարհին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները: Ի դեպ, նախագծի ստեղծագործական թիմի ոգեշնչման աղբյուրը Կարեն Վարդանյանն է»,- նշել է Արշակյանը:
Ֆիլմի աշխատանքներում նախատեսվում է ներգրավել համահայկական ներուժը՝ տեխնիկական և ստեղծագործական թիմում ներառելով աշխարհի տարբեր երկրներում հաջողությունների հասած հայերի։
Կարծիքներ