Խորհրդարանը վավերացրեց ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխմանն առնչվող համաձայնագիրը
Ազգային ժողովը վավերացրեց «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը:
Նախագիծը հավանություն ստացավ միաձայն՝ 88 «կողմ» ձայնով:
Համաձայնագրի վավերացումը թույլ է տալիս ամրապնդել ՀՀ և ԱՊՀ անդամ երկրների իրավասու մարմինների միջև համագործակցությունը և նպաստում է միջուկային էներգետիկայի բնագավառի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Համաձայնագրով նախատեսվում է դրա մասնակից պետությունների միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովում մի երկրի տարածքից մյուս երկրի տարածք ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման դեպքում, աջակցություն մասնակից պետություններում ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման կարգի խախտման հայտնաբերմանը և կանխարգելմանը, ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգի և հաշվառման համակարգի ներդրում, որը կապահովի դրանց անվտանգ օգտագործումը և պահպանումը:
«Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունիսի 7-ին:
Կարծիքներ