Գյումրիում նշվել է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը

Գյումրիում նշվել է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ Շիրակի մարզպետարանը՝ Շիրակի պետական համալսարանի հետ համագործակցությամբ, դեկտեմբերի 3-ին անցկացրեց միջոցառում-լսումներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառումը մեկնարկեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող 9 կազմակերպությունների աշխատանքների ցուցահանդեսով։

«Հասարակության բոլոր շերտերի համար պետք է մեր մարզը, մեր քաղաքը հարամարվետ լինի, դրան են միտված մեր ջանքերը։ Արդեն մի քանի ամիս է` գործում է մարզպետին կից հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովը, որի աշխատանքը բովանդակային է։ Իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, որոնց արդյունքում լուծվել են խնդիրներ ու հիմնահարցեր։ ՀՀ կառավարության ծրագրում հստակ շեշտադրումներ կան, որոնք միտված են մեր միջավայրն առավել մատչելի դարձնելուն։ Մնում է, որ բոլոր շահագրգիռ կառույցները համագործակցեն։ Լիահույս եմ, որ այս միջոցառումը կդառնա ավանդական և հիմք կհանդիսանա մարտահրավերները նոր թափով լուծելու, մեր երկիրը, մեր մարզը, մեր քաղաքը առավել լավը դարձնելու համար»,- իր ելույթում նշեց  Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ։

Միջոցառմանը հնչել են ելույթներ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, հասարակությունն առավել արդար ու հավասար դարձնելու, պետական աջակցության ծրագրերի, ներառական կրթության մոտեցումների մասին։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Շիրակի մարզպետի որոշմամբ շնորհակալագրերով են պարգևատրվել ոլորտում գործունեություն ծավալած կազմակերպություններ և անհատներ։

Միջոցառումն ավարտվել է Գյումրու Հայորդյաց տան երգչախմբի և Երեխաների տան սաների երաժշտական կատարումներով:  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում