Արցախից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը. Տեղեկատվական շտաբ

Արցախից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը. Տեղեկատվական շտաբ

Արցախից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առաջնահերթորեն ՀՀ են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված ու ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նաև նշվում է, որ Արցախի իշխանությունները շարունակելու են մնալ տեղերում և պետական կառավարում իրականացնել այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխման գործընթացը:

«Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի ու խցանումների պատճառով ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում, անհրաժեշտ բժշկական պարագաների և հումանիտար բեռների ներմուծում:

Դրան զուգահեռ՝ վառելիքի ստացման նպատակով քաղաքացիները մեծ խցանումներ են առաջացնում բենզալցակայանների մերձակա տարածքներում՝ կաթվածահար անելով քաղաքի երթևեկն ու բնականոն կենսագործունեությունը:

Հաշվի առնելով այս ամենը՝ խնդրում ենք առայժմ զերծ մնալ տեղափոխվելուց՝ դժբախտ պատահարներից խուսափելու և վիրավորների կյանքը փրկելու նպատակով:

Ստեղծված ծանր իրավիճակում կոչ ենք անում հատկապես պետական կառավարման համակարգի, առողջապահության ոլորտի և ուժային կառույցների աշխատակիցներին շարունակել կատարել մասնագիտական պարտքը՝ հանուն մեր հայրենակիցների անվտանգության ու առողջության»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիներին այսօր ժամը 14:00-ից Ստեփանակերտի թվով 5 բենզալցակայանում անվճար վառելիք կտրամադրվի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում