Մեզ մոտ մրցակցային դաշտը խաթարված է. ՊԵԿ նախագահն անդրադարձել է Վահրամ Միրաքյանի հայտարարություններին
Եթե պետական մարմնի նկատմամբ քննադատություն է լինում, պետք է հասկանանք, թե դա ինչքանով է մերկապարանոց, ինչքանով՝ ոչ, անդրադառնալով Վահրամ Միրաքյանի հայտարարություններին՝ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
«ՊԵԿ-ում շուտով հասարակական խորհրդի նիստ է լինելու, որտեղ քննարկում ենք ունենալու բիզնեսի ներկայացուցիչների հետ: Հիմա քրեական օրենսգրքում այսպիսի կարգավորում կա, որը չի համարվում լավ պրակտիկա: Ասվում է, որ եթե հարկային հանցագործությունը հաստատվի, կբերես, կվերականգնես գումարը և կազատվես քրեական պատասխանատվությունից։ Իմ կարծիքով՝ այս հոդվածի պատճառով մեզ մոտ մրցակցային դաշտը խաթարված է: Օրինակ, նույն շուկայում գործում են նույն տնտեսվարող սուբյեկտները, մեկը պարտաճանաչ վճարում է հարկերը, իսկ մյուսը խուսափում է։ ՊԵԿ-ը ինչ-որ պահի դա հայտնաբերում է, փոխհատուցում է գումարը և ազատվում քրեական պատասխանատվությունից: Իսկ սա որքանո՞վ է արդարացի պարտաճանաչ հարկ վճարողի հանդեպ», - նշեց նա:
Հիշեցնենք, որ «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը հայտարարություն էր տարածել, որտեղ ասում էր, որ ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, որով նախատեսում է Հայաստանում տարին մոտ հազար գործարարի բանտ նստեցնել:
Կարծիքներ