Այն մասին, թե ինչպես է Հայաստան դաշինք -ի նախընտրական շտաբի տղամարդը բռնություն գործադրում կնոջ նկատմամբ
Այն մասին, թե ինչպես է Հայաստան դաշինք -ի նախընտրական շտաբի տղամարդը բռնություն գործադրում կնոջ նկատմամբ
-----
Ես Երևանում վարձակալությամբ եմ բնակվում (շենքի հասցեն չեմ նշում՝ ելնելով տանտիրոջ նկատմամբ հարգանքից):
Շենքի բնակիչներից մեկը շենքի բակում ավտոլվացման կետ է դրել: Ժամանակ առ ժամանակ մեքենա են լվանում նաև գիշերվա 11-ից կամ 12-ից հետո: Մի անգամ իջել եմ և զգուշացրել, որ աղմուկը դադարեցնեն: Այսօր էլ որոշել էին մեքենա լվանալ գիշերվա ժամը 11:45-ին: Որոշեցի իջնել ու խնդրել, որ հանգիստս չխանգարեն և թողնեն քնեմ: Եվ, իհարկե, չեմ վարանում ընկնել պատմության մեջ: Պարզվում է՝ մեքենա լվացող տղան աշխատողը չէ: Ավտոլվացման կետի դիմաց նստած մի տղամարդ կանչում է տիրոջը, որ հետը խոսեմ: Տերը՝ խմած, գիշերային մայկան հագը, դուրս է գալիս Հայաստան դաշինք -ի նախընտրական շտաբի գրասենյակից: Կողքի մարդկանց զրույցներից պարզ է դառնում, որ որպես Հայաստան դաշինք -ի նախընտրական շտաբի գրասենյակ օգտագործվում է <<Պանտերա>> տաքսի ծառայության գրասենյակը, որը նույնպես պատկանում է ավտոլվացման կետի տիրոջը: Սույն պարոնը հարցուփորձ է անում՝ ով եմ, որտեղ եմ ապրում: Պարզում է, որ վարձով եմ ապրում, պարզում է, որ տանտերն իր բարեկամն է, և կիսահեգնական տոնով սպառնում է՝ շատ լավ, վաղը դու այլևս էդ տանը չես ապրի: Զրույցի ընթացքում հասկանում եմ, որ ոչ ադեկվատ վիճակում է, խմիչքի հոտ է փչում, խոսում է կոպիտ: Երբ շրջվում եմ, որ հեռանամ, հասցնում է ձեռքով հարվածել ծոծրակիս՝ ձախ կողմից: Շտաբից տղամարդիկ են դուրս գալիս, մինչ իրեն պահում են, ես հասցնում եմ արագ հեռանալ և քայլել դեպի շենքի մուտք: Էդ ընթացքում այդ տղամարդուն շտաբի տղամարդիկ բռնած պահում են, որ չհասնի հետևիցս, բայց շենք մտնելու պահին լսում եմ բերանի արտաթորանքները՝ <<ժաժ տամ վրետ>>:
Ուրեմն, նախընտրական շտաբներում սովորաբար ունենում են տարածքների պատասխանատուներ, որոնք ըստ այդ տարածքի ընտրողների ցուցակների նախահաշվարկում են իրենց հարած քաղաքական ուժի ձայները։ Այդ պարոնի մայրը շենքի լիֆտի գումարներն է հավաքում, գիտի, որ մասնակցել եմ հեղափոխությանը։ Չգիտեմ՝ որտեղից, բայց շենքում ինձ որպես լրագրողի գիտեն, ով շատ ուշ է տուն գալիս՝ գիշերվա ժամը 10-ից հետ։ Ձայները նախահաշվարկելիս ենթադրել են, որ նիկոլական եմ։ Վստահ եմ, սույն պարոնն էլ այդ ատելության ակտը ցուցաբերել է, հենց խոսակցության ժամանակ ինձ նույնականացրել է։
Ընդհանրապես կարևոր չէ այն, որ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ոստիկանություն: Կարևորն այն է, որ այդ ուժը դեռ չեկած, արդեն բռնություն է գործադրում, պատկերացնում եմ, որ գա իշխանության, ինչեր է անելու: Եվ իհարկե, կեցցե Նիկոլը, որ տապալեց հեղափոխությունը, վերակենդանացրեց մեռելներին և կապեց ջաններիս:
Ամեն դեպքում, ոչ երանի այն Հայաստանը, որտեղ հունիսի 20-ից հետո ենք ապրելու:
Կարծիքներ