ԱԽ քարտուղարը Ֆինլանդիայում ներկայացրել է Լաչինի իրավիճակը, կոչ արել Ադրբեջանի նկատմամբ հնչեցնել հասցեական գնահատականներ

Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի, Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Յուհո Էէրոլայի և Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի հետ։
Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը։
Հանդիպումների ընթացքում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժի, ինչպես նաև դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման արգելափակումն և դրանց հետևանքով առաջացած պարենային ու հումանիտար ճգնաժամը:
Քարտուղար Գրիգորյանը կոչ է արել զրուցակիցներին հանդես գալ Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատականներով:
Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարար պարոն Պեկկա Հաավիստոն արտահայտել է իր երկրի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կոնֆլիկտի հաղթահարմանը՝ այդ թվում նաև ԵԱՀԿ շրջանակներում:
Զրուցակիցները նաև անդրադարձել են հայ-ֆիննական հարաբերությունների զարգացմանը։
Կարծիքներ