Մի «մաքսանենգության» պատմություն կամ ստի վերջը. Հակոբյան
Մի «մաքսանենգության» պատմություն, կամ ինչպես կասեր «դասականը» իր խոհանոցային եթերներոում՝ ՍՏԻ ՎԵՐՋԸ:
Այս մասին Ֆեյսբուքում գրում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
«Ուղիղ 4 տարի առաջ Սերժ Սարգսյանի փեսա Միշիկը սկսեց լուրեր տարածել, թե իբր ես մաքսանենգ ճանապարհով ծխախոտ եմ տեղափոխում այլ երկրներ, մասնավորապես՝ խոսում էր, ինչ որ ծխախոտով բեռնված ինքնաթիռի մասին, որը կանգնեցրել են Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում, եւ դա ներկայացնում որպես իմ «բիզնես».
Այդ բովանդակությամբ հրապարակումներ եւ եթերներում դրա մասին հայտարարություններ սկսեցին անել քաղաքացիներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Գագիկ Համբարյանը, Մարինա Խաչատրյանը:
Այդ օրերին բազմիցս հերքել եմ եւ ապա հայց եմ ներկայացրել դատարան Միքայել Մինասյանի, Նարեկ Սամսոնյանի, Արթուր Դանիելյանի, Գագիկ Համբարյանի եւ Մարինա Խաչատրյանի դեմ՝ զրպարտությունը հերքելու պահանջով:
Ներկայացրածս բոլոր հայցերը դատարանը բավարարել է, համարել, որ սույն անձինք զրպարտել են ինձ, եւ պարտավորեցրել գրառման կամ եթերի միջոցով հերքել արված հայտարարությունները, այն է իմ կողմից մաքսանենգությամբ զբաղվելը:
Նարեկ Սամսոնյանն ու Մարինա Խաչատրյանն արդեն իսկ հանդես են եկել համապատասխան հերքումներով (հղումը մեկնաբանությունում): Մյուսների մասով վճիռների կատարումն ընթացքի մեջ է:
Եվ ուրեմն ինչու եմ այս ամենը պատմում: Օրերս «սրբազան պայքարի» շրջանակներում հայտնի ստախոսները իմ մասին հեքիաթների նոր շարք են նետել ասպարեզ: Տեղեկացնում եմ, որ սրանց հետքերով նույնպես գնալու եմ, դատական կարգով հասնելու եմ նաև այդ ստերի հերքմանը: Ստի ոտքը կարճ է: Ստի կյանքը կարճ է: Մինչ հանդիպում դատարանում»,- գրել է Հակոբյանը:
Կարծիքներ