Արտակարգ իրավիճակ Աբովյանում. տղամարդը նռնակներով զինված մտել է բանկ ու սպառնում է այն պայթեցնել
Մայիսի 24-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Նռնակով կամ նռնակներով զինված տղամարդը Աբովյան քաղաքում մտել է Օգոստոսի 23 փողոցի 1/ 2 հասցեում գործող «Արդշինբանկ» և սպառնում է բանկը պայթեցնել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տարածք են ժամանել մեծաթիվ իրավապահներ, քանի որ տղամարդը զինված է նռնակով կամ նռնակներով:
Պարեկները ամբողջ տարածքը սահմանազատել են և անցել են ուժեղացված ծառայության:
Այս պահին բանկի ներսում տղամարդու հետ ոստիկանները բանակցություններ են վարում, որպեսզի նա հետ կանգնի իր մտադրությունից:
Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյանի քաղաքապետ Էդվարդ Բաբայանը:
Ֆոտոլրագրողը հայտնել է, որ առանձնապես ծանր հանցագործությունը կանխվել է բանկում ծառայություն կատարող կին ոստիկանի շնորհիվ։ Նա կարողացել է ճիշտ բանակցություններ վարել տղամարդու հետ, բանկի աշխատակիցներին նաև ցուցաբերել է հոգեբանական օգնություն, մինչ ժամանել է օպերատիվ խումբը:
Քիչ առաջ ոստիկաններին հաջողվել է զինված տղամարդուն վնասազերծել ու տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժին: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունը պարզում է նռնակով զինված տղամարդու ինքնությունը: Ներսում գտնվող ականատես տղամարդը ֆոտոլրագրողի հետ զրույցում որոշ մանրամասներ է պատմել տեղի ունեցած դեպքից: Նա ասել է, որ նռնակով զինված տղամարդը մտել է ներս և հայտնել է, որ ինքը մտադրություն չունի պատանդներ վերցնելու և պահանջել է, որպեսզի դեպքի վայր հրավիրեն լրագրողների:
Նա հայտնել է, որ ինքը Բյուրեղավանից է և կանանց հորդորել է, որպեսզի դուրս գան բանկից, այդ ժամանակ կին ոստիկանը, ցուցաբերելով համարձակություն, ատրճանակը մոտեցել է նրան, ով նռնակի օղակը քաշած է եղել ու հայտնել է, որ եթե նա չշարունակի հակաօրինական գործողությունները, ինքը իրավունք ունի նրան վնասազերծել։
Սակայն տղամարդը հայտնել է, որ կպայթեցնի այն, ոստիկանը շարունակել է զրույցը, որից հետո 5-7 րոպեի ընթացքում ժամանել են ոստիկաններն ու որոշ բանակցություններից հետո նրան վնասազերծել, տեղափոխել են ոստիկանություն:
Կարծիքներ