Կառավարությունը կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձը
ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի այն ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման մասին որոշումը, որոնք սահմանված կարգով տեղափոխվել են ՀՀ պետական ուսումնական հաստատություններ:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության հոկտեմբերի 12-ի որոշմամբ մեկնարկել է կրթաթոշակի տրամադրման ծրագիրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ քոլեջների և բուհերի այն ուսանողների համար, որոնք այս պահին կրթության շարունակականության խնդիր ունեն:
«Նախարարությունն իրականացրել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից հավաքագրման աշխատանքներ. նույնականացվել են 1836 ուսանողների տվյալներ (1728՝ բակալավրի, 108՝ մագիստրոսական կրթական ծրագրով), որոնց 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է շուրջ 440 մլն դրամ:
Նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների՝ ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների թիվը կազմում է 2524 ուսանող, որոնց 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է շուրջ 402 մլն դրամ: Այսինքն՝ այս որոշմամբ լուծում ենք ֆինանսավորման խնդիրը և հատկացնում համապատասխան գումարները. կրթության կազմակերպման իմաստով գործընթացը մեկնարկել էր ավելի վաղ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը շեշտել է, որ եթե կլինեն այլ ուսանողներ, որոնք մինչ այս պահը ընդգրկված չեն կրթության գործընթացում, և հավելյալ տվյալներ ի հայտ կգան, ապա լրացուցիչ որոշում կկայացվի նաև նրանց մասով:
Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը հոգում է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցականների կրթության կազմակերպման ծախսերը. բոլոր դասագրքերը տրամադրվում են անվճար:
«Կրթության կազմակերպման մասով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքիների համար հավելյալ ծախսերի կարիք չկա»,-ընդգծել է նախարարը:
Կարծիքներ