Շովի հանգստավայր այլևս գոյություն չունի. Թբիլիսիի քաղաքապետ
Վրացական հայտնի Շովի հանգստավայրը «այլևս գոյություն չունի»:
Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն՝ նշելով, որ հանգստավայրը ոչ թե մասամբ, այլ հիմնահատակ ավերվել է: Քաղաքական գործչի խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք՝ աղետը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ին։ Հորդառատ անձրևից հետո հանգստավայրում սողանք է տեղի ունեցել. Մոտ կես ժամում ամբողջ Շովի շրջանը ծածկվել է կեղտի ու հողի հաստ շերտով։ Հանգստավայրին հարվածել է ավելի քան 5 միլիոն խորանարդ մետր հող։
18 մարդ զոհվել է, ևս 18-ը դեռ անհետ կորած է համարվոըմ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Շովի ենթակառուցվածքը աղետալիորեն վնասված է, այնտեղ գտնվող բոլոր զբոսաշրջային օբյեկտները ավերվել են։ Քանդվել ու ոչնչացել են կամուրջներ, ճանապարհներ, քոթեջներ։ Տեղական Sunset Show հյուրանոցը չի կարող հյուրեր ընդունել: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ով այցելել է ողբերգության վայր, ՏԱՍՍ-ին հաստատել է, որ հանգստավայրն այլևս գոյություն չունի։
Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր է հայտարարված։
Շովի հանքային աղբյուրները և լեռնային ամենամաքուր օդը համարվում էին բուժիչ թոքերի և ստամոքսի հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Հանգստավայրը հայտնի է դարձել դեռ խորհրդային տարիներից:
Կարծիքներ