Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից
«Գազ Էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի ժամկետը մինչև 2030 թվականը երկարացնելու շնորհիվ ամեն տարի Իրանը Հայաստան է արտահանում 360 մլն խմ գազ՝ դրա դիմաց ներմուծելով էլեկտրաէներգիա, իսկ Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքների ավարտը մոտ ապագայում թույլ կտա կրկնապատկել Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի ներմուծումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին SNN գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Ես Երևանում եմ մոտ մեկ տարի, և այս ընթացքում մեզ հաջողվել է զգալի առաջընթացի հասնել Իրանի և Հայաստանի հարաբերություններում։ Հայաստանը մեր հարևաններից է և մեզ հետ 46 կմ սահման ունի, որն ամենաապահով սահմաններից է», - իր խոսքում նշել է Իրանի դեսպանն՝ ընդգծելով, որ Երևանի և Թեհրանի պատմական հարաբերությունները եղել են շատ դրական ու հստակ, և Հայաստանի անկախացումից ի վեր՝ երկու երկրների միջև համագործակցության գործընթացը միշտ զարգացել է։
Մեհդի Սոբհանին նկատել է, որ նախորդ տարի Իրանին հաջողվել է Հայաստանի կառավարության հետ կնքել ամենամեծ պայմանագիրը՝ Հայաստանի անկախացումից ի վեր։
«Այս պայմանագրով նախատեսվում է Հայաստանի հարավային մասում Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցումը, որը գտնվում է Հյուսիս-Հարավ միջանցքի երթուղու վրա։ 212 միլիոն դոլար արժողությամբ այս ծրագիրը մեծապես նպաստում է Իրանի Իսլամական Հանրապետության տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանմանը Հայաստան», - ասել է դեսպանը՝ տեղեկացնելով, որ այդ ճանապարհը մեկ ժամ 20 րոպեից կրճատվելու է՝ հասնելով 20 րոպեի, իսկ ճանապարհի լայնությունը 6 մետրից հասնում է 17 մետրի, ինչը շատ օգտակար է անվտանգության և արագության տեսանկյունից։
Նա նաև հավելել է, որ 36 միլիոն դոլար արժողությամբ այլ ավելի փոքր ծրագրեր կան Հայաստանի տարբեր վայրերում:
«Առևտրի ոլորտում մեզ հաջողվեց Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը 200 միլիոն դոլարից հասցնել 711 միլիոն դոլարի։ Հայաստանն իր 3 միլիոնանոց բնակչությամբ Եվրասիական միության անդամ է, որն այս երկիրը դարձրել է 200 միլիոնանոց եվրասիական շուկայի հարթակ», - շեշտել է դեսպան Սոբհանին։
Նա հավելել է, որ Իրանի և Հայաստանի միջև օրական 400 բեռնատար է երթևեկում, իսկ անցյալ տարի Իրան է մեկնել Հայաստանի 161 հազար բնակիչ՝ իրենց հետ տանելով 80 միլիոն դոլարի ուղեբեռ։
Կարծիքներ