Թուրքիայում անտառային հրդեհի պատճառով ժամանակավորապես փակել են Դարդանելի նեղուցը, 1000-ից ավելի մարդ տարհանվել է

Թուրքիայում անտառային հրդեհի պատճառով ժամանակավորապես փակել են Դարդանելի նեղուցը, 1000-ից ավելի մարդ տարհանվել է

Առավոտյան Դարդանելի նեղուցով նավերի երթևեկությունը կրկին ժամանակավորապես դադարեցվել է՝ հրշեջ ավիացիայի կողմից բնական խոշոր հրդեհի մարումն ապահովելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, նեղուցով նավարկությունը դադարեցվել էր նաև օգոստոսի 22-ին ինչպես հրդեհաշիջման աշխատանքների համար, այնպես էլ ծխից տեսանելիության սահմանափակման պատճառով։ Գիշերը նավերի անցումը Մարմարա ծովից դեպի Էգեյան ծով միակողմանիորեն վերսկսվել էր, սակայն լուսադեմին Թուրքիայի տրանսպորտի նախարարության որոշմամբ նեղուցը կրկին փակվել է՝ հրշեջ ուժերի խմբավորումն առավել արդյունավետ օգտագործելու համար։

Հրդեհն ընդգրկել է 1500 հա մակերես։ Կանխարգելիչ նպատակներով տարհանվել են հրդեհի տարածքում գտնվող ինը գյուղերի 1200 բնակիչներ, ինչպես նաև տեղի հիվանդանոցը։

Հրդեհը բռնկվել է օգոստոսի 22-ի կեսօրին և սաստիկ քամու ներգործությամբ ընդգրկել է ընդարձակ տարածք՝ մոտենալով բնակավայրերին։

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ օգոստոսի 23-ին Չանաքքալեի նահանգում օդի ջերմաստիճանը կգերազանցի 30 աստիճանը և կուղեկցվի քամով, որի արագությունը կարող է կազմել 30-60 կմ/ժամ։ Դա կարող է նպաստել կրակի տարածմանը և դժվարացնել հրդեհի մարումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում