Նոր համագործակցություն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ծրագրերի պլանավորման ավագ փորձագետ Սիմոն Բյոլերին, GIZ Հայաստանի պորտֆոլիոյի ղեկավար Լետիցիա Կարնեվալին և «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման (GGLD)» ծրագրի փորձագետ Լուսինե Ավալյանին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:
Կողմերը քննարկվել են «Հայաստանում համայնքային ինտեգրված զարգացում» նոր ծրագրի շրջանակում կրթության ոլորտում համագործակցության հարցերը: Ծրագիրը միտված է հզորացնելու տեղական ինքնակառավարման համակարգը և աջակցելու ՀՀ համայնքներին արդյունավետ և քաղաքացիակենտրոն տեղական զարգացման պլանավորման և կյանքի կոչման գործում՝ կրթական բաղադրիչի հիման վրա:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ երկկողմ ծրագիրը կնպաստի Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգի զարգացմանը՝ որպես համայնքային տնտեսության զարգացման հիմք: Նա տեղեկացրել է, որ շրջանառության փուլում է «Մասնագիտական կրթության մասին» օրենքը, որը ոլորտում մի շարք կարգավորումներ կմտցնի:
Սիմոն Բյոլերը ներկայացրել է ծրագիրը և շեշտել, որ այն Գերմանիայում գործուն նշանակություն ունի: Ըստ Բյոլերի՝ ծրագրի շրջանակում իրականացվում են նաև շարունակական կրթության մասնագետների վերապատրաստումներ:
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին՝ նշելով, որ այս պահին հաստատվել են Սյունիքի մարզի կրթահամալիրները, ընթացքի մեջ են Արարատի և Կոտայքի մարզերի համապատասխան գործընթացները: Այս համատեքստում կողմերը քննարկել են «Հայաստանում համայնքային ինտեգրված զարգացում» ծրագրի շրջանակում կրթահամալիրների կառավարման համակարգում աջակցության հնարավորությունները:
Կարծիքներ