Ալմաթիում հակաահաբեկչական գործողություն է սկսվել. կան զոհեր

Ալմաթիում հակաահաբեկչական գործողություն է սկսվել. կան զոհեր

Իրավապահները Ալմաթիում ձեռնամուխ են եղել հակաահաբեկչական հատուկ գործողության, որտեղ շարունակվում են անկարգությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է քաղաքի պարետատունը։

«Քաղաքում հակաահաբեկչական հատուկ գործողություն է սկսվել կարգուկանոն հաստատելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:

Քաղաքի պարետատունը կոչ է արել Ալմաթիի բնակիչներին «պահպանել հանգստությունը և աջակցել իրավապահ մարմիններին սահմանադրական կարգի բերելու և հասարակական անվտանգության հաստատման հարցում»:

Ալմաթիի օդանավակայանում հակաահաբեկչական գործողություն իրականացնելիս զոհվել են Ղազախստանի զինված ուժերի երկու զինծառայողներ։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորումները գրավել են Ալմաթիի օդանավակայանը, որտեղ գտնվում են նաև օտարերկրյա ինքնաթիռներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ: ՀՀ վարչապետն ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի իր էջում այդ մասին գրել էր․

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ:

Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում