Սուպերլիգայի նախագիծը չեղարկվել է

Սուպերլիգայի նախագիծը չեղարկվել է

Սուպերլիգայի նախաձեռնությունն ու մոտալուտ խաղարկությունն անցավ պատմության գիրկը։ Այն չդիմացավ անգամ երկու օր։ Հիմնականում անգլիական ակումբների ու նրանց երկրպագուների ջանքերի գերլարումով ՈՒԵՖԱ-ի համար հնարավոր եղավ կազմակերպել նորաթուխ մեգանախագծի կազմաքանդումը։

Աբրամովիչի անձնական որոշմամբ՝ առաջինը գերակումբների «գիշատիչների խնջույքը» լքեց «Չելսին», ապա և իրար հերթ չտալով՝ Անյելի-Պերես նախագծից հեռացան մյուս անգլիական ֆուտբոլային ակումբները։

Հատկապես հուզիչ էր «Արսենալի» տարածած հաղորդագրությունը, որտեղ ակումբի ղեկավարությունը հայցում էր իր երկրպագուների ներողամտությունը։ Ի հեճուկս «Յուվենթուսի» նախագահ Անյելիի բոլոր փորձերի խորտակվող նավը ջրի վրա պահելու, միլանյան երկու թիմերը ևս Սուպերլիգայի նախաձեռնությունից դուրս գալու մտադրություն են հայտնել։

Նոր մրցաշարի կազմկոմիտեն անգլիական ակումբների հեռանալուց հետո տարածեց հայտարարություն այն մասին, որ կվերանայեն ֆորմատը և իրենց մոտեցումները, սակայն դա նմանվեց ձայն բարբառո անապատի ու միանշանակ է, որ սաղմնային փուլում արդեն եվրոպական գրանդների մտադրությունները ճզմվեցին ու դեռ հայտնի չէ, թե ՈՒԵՖԱ-ն ինչ քայլերի է դիմելու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում