Կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարեկան համաժողովը

Կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների  տարեկան համաժողովը

ՀՀԱ ԱԱՏՄ-ից հայտնում են, որ 2021 թ․ սեպտեմբերի 22-ին Երևանում կայացել է ԱՊՀ մասնակից երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովը (մասամբ՝ առցանց)։

Դաշինքի նախագահող երկիրն այս տարի Հայաստանի Հանրապետությունն է։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը բացման խոսքում բարձր է գնահատել աշխատանքային իրավունքի ոլորտում ԱՊՀ մասնակից երկրների և Մոնղոլիայի համագործակցությունը։

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է տարածաշրջանային դաշինքի շրջանակներում ոլորտային համագործակցությունը, մասնավորապես՝ որպես կարևոր հարթակ, որը մշտապես փորձի փոխանակման միջոցով և տարբեր այլ ձևաչափերով համագործակցության ընդլայնման հնարավորություն է ընձեռում կողմերի համար։ Այս իմաստով, ոլորտային համագործակցության շրջանակներում կարևորում ենք նաև հասարակական կազմակերպությունների և սոցիալական գործընկերների՝ տարբեր ֆորմատներով ներգրավվածությունը՝ աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության և աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավական կարգավորումների մշակման գործընթացում։ Դաշինքի շրջանակներում հանդիպումներն ու քննարկումները երկրներին հնարավորություն են տալիս իրազեկված լինելու տարածաշրջանի երկրներում աշխատանքի տեսչությունների կողմից իրականացվող գործունեությանը, ինչպես նաև ոլորտում իրականացվող բարեփոխումներին»,- ասել է նախարարը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ 2011թ-ից գործող Դաշինքի հիմնական նպատակներից է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների միջև փորձի փոխանակումը, առաջ եկող գլոբալ մարտահրավերներին միասին դիմակայելն ու նոր բարեփոխումներ ներդնելը:

«Համավարակով պայմանավորված մեր երկրներում բազմաթիվ փոփոխություններ կատարվեցին աշխատանքային հարաբերությունները կարգավորող և դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանող օրենսդրական ակտերում: Մենք ստիպված ենք լինում արագ արձագանքելու համավարակով պայմանավորված նոր կանոններին, խնդիրներին, պաշտպանելու աշխատողների իրավունքներն ու շահերը: Ինքներս ևս փոփոխություններ ենք իրականացրել և դեռ իրականացնում մեր տեսչական գործառույթներում, կանոնակարգերում, առավել օպերատիվ և պատշաճ ներկայանալի լինելու, մեր երկրներում արարող վարձու աշխատողների կողքին լինելու համար»,- ընդգծել է Հակոբ Ավագյանը:

Բացման խոսքով հանդես է եկել ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը։

Համաժողովի ընթացքում ներկայացվել է Դաշինքի անդամների գործունեությունը, նախանշվել հետագա անելիքները, քննարկվել դաշինքի 2022թ. նախագահության հարցը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում