Արցախում անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին նռնակ է նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ

Արցախում անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին նռնակ է նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ

Ժամը 13:30-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հայտնել են, որ Մ.Մաշտոց փողոցի բնակելի տներից մեկում Ստեփանակերտի ՔՈՎ ուժեղացված խումբը հայտնաբերել է թմրանյութ։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից:

Նշված տան բնակիչ 32-ամյա Հ. Հ.-ն, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հանել է նռնակը և սպառնացել, որ եթե չհեռանան տնից կպայթեցնի նռնակը:

Այնուհետև, վերջինս նռնակը ձեռքին լքել է տարածքը և թաքնվել «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի հարակից անտառային տարածքում։

Ստեփանակերտ քաղաքի և քրեական հետախուզության վարչությունների ծառայողները համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Հ.Հ.-ն նկատելով ոստիկանության ծառայողներին, դուրս է եկել գլխավոր մայրուղի և նռնակը նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։

Ոստիկանության լեյտենանտ Լեռնիկ Բալասանյանը ստացել է մարմնական վնասվածքներ։

Շտապ բժշկական օգնության օպերատիվ խումբը առաջին օգնություն ցուցաբերելուց հետո`Լ.Բալասանյանին տեղափոխել է հանրապետական բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկանության ծառայողները Հ.Հ.-ին բերման են ենթարկել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն։ Կատարվում է քննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում