Մարմաշեն գյուղում այսօր վերջին հրաժեշտն են տվել կապիտան Սոս Էլբակյանին

Մարմաշեն գյուղում այսօր վերջին հրաժեշտն են տվել կապիտան Սոս Էլբակյանին

Այսօր   Շիրակի մարզի  Մարմաշեն գյուղում  վերջին հրաժեշտն են տվել  hայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում  հուլիսի 14–ին հակառակորդի կրակոցից զոհված կապիտան Սոս Էլբակյանին։ 

 

ՀՀ  Պաշտպանության նախարարության N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ 28-ամյա սպան համայնքային  դպրոցն ավարտելուց հետո  ընտրել էր զինվորականի մասնագիտությունը, Վազգեն Սարգսյանի անվան  ռազմական ակադեմիան ավարտելուց հետո ծառայության էր անցել Տավուշի մարզում տեղակայված սահմանային դիրքերում։    Կապիտան  Սոս Էլբակյանը ընտանիքի կրտսեր զավակն էր, ամուսնացած չէր։   Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով կապիտան Սոս Էլբակյանը հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով։  

 

Հիշեցնենք, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր   վերջին հրաժեշտը տվեցին նաեւ  հուլիսի 14–ին հակառակորդի կրակոցից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանին։   Մայորին հետմահու շնորհված՝ Հայրենիքին մատուցած ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալը հուղարկավորության ժամանակ հանձնեցին հորը։ 

Նշենք, որ հուղարկավորությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ինչպես նաեւ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ եւ պատգամավորներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում