2025-ին ի՞նչ սակագներ են գործելու ջրի, գազի, էլեկտրաէներգիայի համար

2025-ին ի՞նչ սակագներ են գործելու ջրի, գազի, էլեկտրաէներգիայի համար

Խմելու ջրի, էլեկտրաէներգիայի և գազի սակագները 2025 թվականին կմնան անփոփոխ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։

Նա մանրամասնեց, որ 2025 թվականի համար խմելու ջրի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխ՝ 200,4 դրամ՝ 1 խորանարդ մետրի դիմաց։

«2024 թվականին ջրամատակարարման ծավալների ավելացման պատճառով սակագնի նվազում տեղի ունեցավ, սակայն կառավարության սուբսիդավորման արդյունքում սպառողները շարունակում են վճարել 200 դրամ։

2025 թվականի համար ևս սահմանվել է 200 դրամ, այսինքն՝ սպառողի համար բան չի փոխվել, բայց սուբսիդավորման մասը դուրս է եկել։ Դրական ազդեցություն է ունեցել ջրամատակարարման ծավալների փոփոխությունը, քանի որ պլանավորված ցուցանիշի համեմատ շուրջ 9 միլիոն խորանարդ մետր ավելի ջուր է իրացվել, ինչը ունեցել է դրական ազդեցություն սակագների վրա»,- ընդգծեց Ուլիխանյանը։

Պաշտոնյան հիշեցրեց, որ գազի սակագների վերջին վերանայումը տեղի է ունեցել 2024 թվականի օգոստոսին, որը նույնպես որևէ ազդեցություն չի ունեցել սպառողների վճարումների վրա։

«Սակագինը կշարունակի գործել մեկ տարի, որից հետո կվերանայվի: Կախված արդյունքներից՝ պարզ կլինի՝ փոփոխություն կլինի սպառողների համար, թե ոչ»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագները նույնպես կմնան անփոփոխ։

«Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթացի շրջանակում գնահատվում են բոլոր դրական և բացասական ազդող գործոնները։ Այս դեպքում կան ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություններ ունեցող գործոններ։ Հանրագումարի արդյունքում սպառողների համար սակագնի փոփոխություն տեղի չի ունեցել»,- եզրափակեց Ուլիխանյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում