Մթնոլորտն աննկարագրելի էր․ Սամբոյի ԱԱ-ի մրցումային երկրորդ օրվա հայ մեդալակիրներն ամփոփել են իրենց արդյունքները
Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները, ովքեր դարձան աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրվա մեդալակիրներ, ամփոփել են ԱԱ-ն:
«Տարիքս ու ժամանակը խանգարեց չեմպիոնության համար պայքարին: Արդեն 40 տարեկան եմ: Աշխարհի առաջնության արծաթե մեդալ նվաճելն այս տարիքում մեծ պատիվ է ինձ համար, մեր ազգի համար: Իմ ազգն ու իմ հողն ինձ ուժ է տալիս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱ-ի արծաթե մեդալակիր 64 կգ քաշային Վահրամ Գրիգորյանը:
Սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն Արամ Աղաջանյանը հաղթանակը նվիրել է սահմանին կանգնած զինվորին:
«Գոհ չեմ արդյունքիցս: Մրցաշարից առաջ ուսի վնասվածք էի ստացել, ինչը խանգարեց ինձ անելու այն, ինչին ունակ եմ: Հուսով եմ՝ հաջորդ անգամ կստացվի չեմպիոն դառնալ: Շնորհակալություն եմ հայտնում մեր մարզիչներին՝ Վովիկ Խոջայանին, Հայկ Ավետիսյանին, Էռնեստ Միրզոյանին, քանի որ իմ այս նվաճման մեջ իրենց ներդրումը շատ մեծ էր»,-ասաց նա:
Մրցումային երկրորդ օրվա բրոնզե մեդալակիր Վահագն Չալյանը գոհ է ոչ միայն մրցելույթներից, այլ նաև երկրպագուների աջակցությունից։
«Մթնոլորտն աննկարագրելի էր ու շատ էր օգնում մեզ: Սեփական հարկի տակ՝ նման աջակցությամբ, կարելի է ասել՝ արդեն մի քանի միավորով առավել ես մրցակիցներից»,- նշեց Վահագն Չալյանը:
Կարծիքներ