Արցախում ևս վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կանցկացվեն նոր հարցաշարով

Արցախում ևս վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կանցկացվեն նոր հարցաշարով

Արցախի Հանրապետությունում վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն ապրիլի 11-ից կանցկացվեն նոր հարցաշարով։

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ նոր կանոններով՝ հարցաշարը բաղկացած է 1116 հարցից, տեսական քննության 10 հարցի փոխարեն՝ սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։

Գիտելիքների ստուգման 20 հարցից քաղաքացին պետք է ճիշտ պատասխանի 18-ին:

Տեսական քննությունն անց է կացվում երկու փուլով.

Առաջին փուլում ընդգրկված են տեսողական հարցեր, որը կոչվում է հոգեբանական թեստ: Հոգեբանական 3 հարցերին ճիշտ պատասխանելուց հետո բացվում է 20 հարցից բաղկացած հարցաշարը՝ 2-5 տարբերակ ունեցող պատասխաններով։

Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմող քաղաքացիները պետք է Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանում ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ, օտարերկրյա քաղաքացիները՝ անձը հաստատող, ինչպես և Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ՝ կացության քարտ, քաղաքացիություն չունեցող անձինք՝ օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ՝ կացության քարտ:

Այս պահի դրությամբ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական քննություններն անց են կացվում հայերեն և ռուսերեն լեզուներով, իսկ ապրիլի 10-ից սկսած՝ կլինեն նաև անգլերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում