Առաջիկա տարիների բոլոր ծրագրերի նպատակը լինելու է ժողովրդագրական վիճակի բարելավումը. Արայիկ Հարությունյան

Առաջիկա տարիների բոլոր ծրագրերի նպատակը լինելու է ժողովրդագրական վիճակի բարելավումը. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է Ազգային ժողովի հերթական նիստին, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Իր եզրափակիչ խոսքում նախագահ Հարությունյանն անդրադարձել է 2021 թ. կատարված աշխատանքներին՝ նշելով, որ պաշտպանության բանակի և ՌԴ խաղաղապահ զորակազմի շնորհիվ պահպանվող հարաբերական կայունությունը հնարավորություն է տվել լուծելու մի շարք կենսական հարցեր և սկսել ծրագրեր, որոնք առաջընթաց կապահովեն: Արայիկ Հարությունյանը խոսել է նաև 2022-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերից:

Արցախի կարևորագույն խնդիրը, ըստ Արցախի նախագահի, եղել և մնում է ժողովրդագրությունը, և առաջիկա տարիների բոլոր ծրագրերի նպատակը լինելու է ժողովրդագրական վիճակի բարելավումը: Այդ նպատակով մեկնարկել և նախատեսվում են մի շարք ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական ծրագրեր:

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև բնակարանաշինական մեկնարկած և ապագա ծրագրերին՝ նշելով, որ իր նախընտրական «յուրաքանչյուր ընտանիքին՝ առանձին բնակարան» ծրագիրը մնում է ուժի մեջ: Նա ընդգծել է, որ առաջիկա տարիներին հիմնական շահառու խմբերի բնակարանային կարիքների բավարարումից հետո ընդլայնվելու են բնակարանային ծրագրերի շրջանակները՝ նախընտրական տվյալ խոստման լրիվ իրականացման նպատակով:

Արայիկ Հարությունյանը շեշտադրել է նաև սոցիալական մի շարք ծրագրեր՝ ընդգծելով հատկապես այն դրույթը, որ գալիք տարիներին երեխաների նպաստի և կենսաթոշակի չափերը կհասցվեն նվազագույն սպառողական զամբյուղի չափին:

Հանրապետության նախագահը խոսել է նաև արտաքին քաղաքական և անվտանգային հարցերի մասին:

«Կարծում եմ, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը: Եվ այդ հարցում Արցախի ժողովրդի կարիքն ու կարծիքը պետք է լինեն առանցքային գործոններ, քանի որ հենց մենք ենք խաղաղապահ առաքելության հիմնական շահառուները»,- ասել է Արցախի նախագահը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ պատշաճ անվտանգություն ապահովելու ճանապարհին մեկ այլ կարևոր ուղղություն է պաշտպանության բանակի, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կարողությունների ու ամրությունների հետևողական զարգացումը՝ հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու իրավիճակի առանձնահատկություննե­րը:

Արտաքին քաղաքական դաշտում շարունակվելու է պայքարը ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման և բռնազավթված տարածքների վերադարձի համար:

«Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր ու անզիջում նպատակն է, որն ուղի կբացի արցախյան շարժման վերջնանպատակի իրագործման համար»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

«Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքն ընդունվել է պատգամավորների ձայների 18 կողմ և 11 դեմ հարաբերակցությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում