Քադիրովը կրկին անդրադարձել է Թուրքիայում Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացմանը

Քադիրովը կրկին անդրադարձել է Թուրքիայում Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացմանը

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հրեթական անգամ անդրադարձել է չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացմանը Թուրքիայում։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Թուրքիայից պատասխան են սպասում։

Քադիրովը հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճիշտ որոշում կկայացնի, քանի որ իրենք չեն ցանկանում նման անհեթեթ միջադեպի պատճառով փչացնել երկկողմ հարաբերությունները։

Հիշեցնենք, որ Չեչնիայի նախագահը կոշտ քննադատել էր Քոջաելիում գտնվող զբոսայգին Դուդաևի անվամբ կոչելու մասին թուրքական իշխանությունների որոշումը։ Նա Ռուսաստանի հետ հարաբերություններին ուղղված սպառնալիք էր տեսել դրանում և առաջարկել որպես պատասխան Գրոզնիում մի զբոսայգի անվանակոչել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի պատվին։

Քադիրովի հայտարարությունից հետո Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ դիվանագիտական խողովակներով իրազեկել են Թուրքիային առ այն, որ հավանություն չեն տալիս այդ այգին Դուդաևի պատվին անվանակոչելու փաստը:

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ավելի ուշ հույս էր հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների փոխադարձ վստահությունը խարխլող նման քայլերի անթույլատրելիության մասին իրենց ազդանշաններն ամենայն լրջությամբ կընդունվեն։ Նա շեշտել էր, որ ծայրահեղականների եւ ահաբեկիչների փառաբանման եւ հերոսացման անթույլատրելիության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը սկզբունքային է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում