ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկում են Գազայում հումանիտար դադարի վերաբերյալ գործնական հարցեր
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները խորհրդակցում են Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում հնարավոր հումանիտար դադարների հետ կապված գործնական հարցերի շուրջ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ելույթ ունենալով Բաղդադում։
«Իսրայելը կարևոր հարցեր է բարձրացրել այն մասին, թե ինչպես կկատարվեն հումանիտար դադարներ: Մենք պետք է պատասխանենք այս հարցերին: Մենք աշխատում ենք հենց դրա վրա»։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ կարևոր է, որ «դադարը նպաստի մի շարք նպատակների իրականացմանը», ներառյալ արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակումը։ «Մենք՝ Միացյալ Նահանգները, Իսրայելը և բոլոր այն երկրները, որոնց քաղաքացիներին պահում են ՀԱՄԱՍ-ը, ավելի ու ավելի ենք կենտրոնանում նրանց տուն բերելու վրա», - ասել է նա: Բլինկենը նշել է, որ նման դադարը կարող է թույլ տալ մեծացնել մարդասիրական օգնությունը Գազայի հատվածի բնակիչներին։
Կարծիքներ