Ալեն Սիմոնյանը ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ընթացքում կարևորել է Արցախի կարգավիճակի ճանաչումը

Ալեն Սիմոնյանը ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ընթացքում կարևորել է Արցախի կարգավիճակի ճանաչումը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոնին:

«Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝  Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ նրա գործունեությունը նպաստելու է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը»,- հայտնում են Ազգային ժողովից:

Նշվում է, որ Ալեն Սիմոնյան ընդգծել է Ֆրանսիայի հետ բազմոլորտ փոխգործակցությունը՝ հավելելով, որ անձամբ  պատրաստ է ներդնել բոլոր ջանքերն այդ հարաբերությունների խորացման եւ դինամիկ զարգացման  գործում: Այս համատեքստում նշվել է նաեւ Ֆրանսիայի հայ համայնքի դերակատարությունը, որը յուրահատուկ կամուրջ է հայ-ֆրանսիական բազմաբեւեռ գործակցության հարցում:

Ալեն Սիմոնյանը երախտագիտությամբ հիշատակել է  Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բազմաթիվ բանաձեւերն ու կոչերը  եւ արդեն իսկ թվով չորրորդ պատվիրակության՝ Հայաստան եւ Արցախ այցելությունը:

ԱԺ նախագահը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը եւ Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների խորհրդարանների գործունեությանը, որոնք կարեւոր դեր են խաղում Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ քաղաքական երկխոսությունը զարգացնելու եւ հարստացնելու գործում:

Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով, որ Ազգային ժողովը համարվում է ժողովրդավարության կենտրոն: Նա պատրաստակամություն է հայտնել հետագա գործունեությամբ նպաստելու ԱԺ-ի հետ ձեւավորված ամուր  համագործակցության խորացմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում