ԱԱ-ում մեր ելույթը գնահատում եմ բավարար. Արմեն Բաբալարյան
Հունհառոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի արդեն նախկին ավագ մարզիչը, ով վերջին մրցմանն էր մեկնել երիտասարդների հետ, (նա նշանակվել է մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ) ըմբշամարտի մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է Սոֆիայում ավարտված ԱԱ-ն:
«Ես արդյունքներից ոչ գոհ եմ, ոչ էլ՝ դժգոհ: Բավարար էր: Գոհ կլինեի, եթե իմանայի որ ավելի շատ մեդալի հնարավորություն չունեինք, իսկ մենք ունեինք: 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանն ու 63 կգ քաշային Արման Վարդանյանը ամենաքիչը երզափակչի մաասնակիցներ պետք է լինեին: Պարտվեցին կիսաեզրափակիչներում, այն էլ՝ ցավալի հաշիվներով: Հետո արդեն բրոնզե մեդալների համար գոտեմարտերը շատ վատ անցկացրին: 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը մեծ հնարավորություն ուներ բրոնզե մեդալը նվաճելու, սակայն այստեղ էլ ցավալի պարտություն: Մեր ըմբիշները միշտ տանուլ են տալիս գոտեմարտի վերջնամասը: Սա լուրջ մտածելու և աշխատելու տեղ է տալիս: Չէի ասի, որ նրանց կամային որակներն են թույլ, բնավ: Սուրենի հաղթանակը թուրք ըմբիշի նկատմամբ, ինչ էր, եթե ոչ մեծագույն կամք: 0:7 պարտվելուց հետո հաղթել 16:7 հաշվով:
Այստեղ կամքի հարցը չէ, այլ՝ համբերության և հավատի: Պետք է սառնասիրտ լինել: Ժամանակից շուտ հաղթանակ չտոնել, կամ չշտապել շատ արագ ավարտել գոտեմարտը: Այդ սխալները տեսանք նաև Սուրենի եզրափակչում: Ինչպես նաև Վիգենի դեպքում էլ էր այդպես, սակայն Վիգենը ոտքը դուրս չէր դրել գորգից և հնարավոր եղավ վերականգնել արդարությունը: Վիգենը չեմպիոնի կոչմանն արժանի ճանապարհ անցավ: Եզրափակչում շատ զգուշ էր գոտեմարտում: Իրանցի այդ ըմբիշին Վիգենը հաղթել էր միջազգային մրցաշարում միավորների մեծ առավելությամբ: Իհարկե ունենք չեմպիոն և փոխչեմպիոն, բայց ափսոսում եմ, որ ռեալ մեդալներ կորցրինք»,- նշել է մասնագետը:
Կարծիքներ