Արցախի բոլոր շրջկենտրոններում ու գյուղերի ընդգրկմամբ կներդրվի սոցիալական ծառայությունների համակարգ
Արցախում մայիսից աշխատանքի կանցնեն Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի 17 մասնագետներ: Այս մասին տեղեկացրեց Հայաստանի սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը:
«Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ՝ Արցախում ներկայումս պատրաստվում են 25 սոցիալական աշխատողներ: Բացի այդ, հունիսից կմեկնարկի 50 սոցիալական աշխատողների ուսուցումը՝ գյուղերում աշխատելու համար»,-մանրամասնեց Անտոնյանը՝ հավելելով, որ Ստեփանակերտում և շրջկենտրոններում կստեղծվեն սոցիալ-հոգեբանական ծառայություններ, որպեսզի այդ ծառայությունները մոտ լինեն մարդկանց:
Խոսելով սոցիալ-հոգեբանական ծառայությունների տեսակներից, Անտոնյանը կարևորեց հետպատերազմական Արցախում դրանց անհրաժեշտությունը՝ մարդկանց հոգեբանական վերականգնման և նախաձեռնողականության խթանման առումով:
«Սոցիալ-հոգեբանական ծառայությունները ներառում են առաջինը՝ տեղեկատվության տրամադրում, փոխանցում և աջակցություն բնակչությանը, որպեսզի նրանք կարողանան ձեռք բերել իրենց սոցիալական իրավունքներն ու երաշխիքները: Երկրորդը՝ կոնսուլտացիոն հանդիպումներ, թերապևտիկ ու ադվոկատիվ աշխատանք»,-նշեց Հայաստանի սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի ղեկավարը՝ մանրամասնելով, որ սոցիալական աշխատողներն իրենց աշխատանքի շրջանակներում կապող օղակ են հանդիսանալու բնակչության ու պետության միջև:
«Եթե մենք տեսնում ենք, որ կառավարության ընդունած որևէ որոշում պետական երաշխիքներից դուրս է թողնում որոշակի թվով մարդկանց, որոնց հետ մենք աշխատում ենք, ապա կառավարությանը ներկայացնելու ենք, որ այդ որոշումը փոփոխության ենթակա է»,-ասաց Անտոնյանը:
Անդրադառնալով սոցիալական ծառայությունների ներդրման երկարաժամկետ ծրագրերին՝ նա տեղեկացրեց, որ բացի սոցիալ-հոգեբանական ծառայությունների շրջանային 4 կառույցներից, նախատեսում են մասնագետներ ունենալ Արցախի բոլոր՝ 110 համայքներում:
Անտոնյանի խոսքով՝ սոցիալական աշխատողների աշխատավարձն առայժմ տրամադրելու է Արցախի կառավարությունը, սակայն փնտրվում են նաև այլ հնարավորություններ:
Նրա հաղորդմամբ՝ սոցաշխատողների պատրաստմանը զուգահեռ՝ Արցախի կառավարությունը սկսելու է հաստիքների և ծառայությունների ստեղծման գործընթացը: Տարեվերջին նախատեսվում է Արցախի պետական համալսարանում մագիստրոսական ծրագրի ստեղծման գործընթացը մասնագետների պատրաստման գործընթացը շարունակական դարձնելու նպատակով:
Կարծիքներ