Ֆիլիպինների ՆԳ նախարարը կրկնակի վարակվել է կորոնավիրուսով
Ֆիլիպինների ներքին գործերի նախարար Էդուարդո Անյոն կիրակի հայտնել է, որ կրկնակի վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Մարտին 58-ամյա պաշտոնյան առաջին անգամ վարակվել էր կորոնավիրուսով եւ ստացել էր բուժման կուրս։
«Օգոստոսի 13-ին ես սկսել եմ զգալ գրիպի ախտանշաններ՝ ներառյալ կոկորդացավ եւ մկանային ցավ։ Ես ինքնամեկուսացել եմ օգոստոսի 14-ին եւ անցել թեստավորում։ Օգոստոսի 15-ին ես ստացել եմ թեստի դրական պատասխանը»,-նշել է նա հայտարարության մեջ։
«Ես անում եմ այս հայտարարությունը, որպեսզի գրավեմ մարդկանց ուշադրությունը, որոնց հետ սերտ շփում եմ ունեցել, որ նրանք ինքնամեկուսանան, հետեւեն բոլոր ախտանշաններին՝ համաձայն առողջապահության նախարարության խորհուրդներին, եւ ձեռնարկեն համապատասխան միջոցներ։-Ընդգծել է նախարարը։-Ես նաեւ անում եմ այս հայտարարությունը, որ շեշտեմ վիրուսի լրջությունը եւ կոչ անեմ բոլորին կրել դիմակներ, ավելի հաճախ լվանալ ձեռքերը եւ պահպանել սոցիալական հեռավորություն»։
Հունվարի 30-ին Ֆիլիպիններում հայտնաբերել էին կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Ներկայում երկրում վարակվածների թիվը գերազանցել է 153,6 հազարը, առողջացել է ավելի քան 71,4 հազար պացիենտ, մահացել է 2,4 հազար մարդ։
Կարծիքներ