Դեսպան Մկրտչյանը Կալամատայում մասնակցել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

Դեսպան Մկրտչյանը Կալամատայում մասնակցել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի այցը Հունաստանի Կալամատա քաղաք՝ մասնակցելու Կալամատայի քաղաքապետարանի և Կալամատայի Հայերի միության համագործակցությամբ կազմակերպված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին Հունաստանի հայոց թեմի առաջնորդ` գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանը, Կալամատայի քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսը, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Պերիկլիս Մանդասը, Հունաստանի և Կալամատա քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Կալամատայի քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսը: Իր խոսքում քաղաքապետ Վասիլոպուլոսը նշեց, որ 107 տարի առաջ Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ ընդգծելով անմեղ զոհերի հիշատակման և ոգեկոչման կարևորությունը:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ` գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանը՝ ընդգծելով, որ 107 տարի առաջ տեղի ունեցած Հայերի ցեղասպանությանը հաջորդեցին Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանությունները, 1955 թ. Պոլսի զարգացումները, 1974 թ. Կիպրոսի զավթումը և 2020 թ. թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախ ներխուժումը, որի հետևանքով զոհվեցին հազարավոր մարդիկ, ավերվեցին եկեղեցիներ, մշակութային կոթողներ:

 

 

Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Պերիկլիս Մանդասն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հունաստանի խորհրդարանը շարունակելու է պահանջել միջազգային հանրությունից ճանաչելու Հայերի ցեղասպանությունը, որպեսզի այլևս մարդկությունը չառերեսվի նմանատիպ ոճրագործությունների հետ:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ նշելով, որ մեծ պատիվ է որպես Հունաստանում ՀՀ դեսպան Կալամատա կատարած առաջին այցի շրջանակներում մասնակցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Դեսպանը նշեց, որ այս օրերին Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներ տեղի են ունենում Հունաստանի տարբեր քաղաքներում՝ Աթենքում, Քսանթիում, Ալեքսանդրուպոլիում, Սալոնիկում, Կալամատայում և այլ քաղաքներում:

Իր խոսքում դեսպանն ընդգծեց, որ Հունաստանն այն եզակի երկրներից է, որտեղ թե՛ մեծ և թե՛ փոքր քաղաքներում հիշում են այդ օրերը, հարգում անմեղ զոհերի հիշատակը: Այդ համատեքստում դեսպան Մկրտչանն արձանագրեց, որ դա չափազանց կարևոր է, քանի որ հիշատակումը կարևոր քայլ է ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Միաժամանակ դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը, Հունաստանի, Կիպրոսի և մի շարք այլ բարեկամ երկրների հետ միասին պարբերաբար հեղինակում է ցեղասպանության կանխարգելմանն ուղղված բանաձևեր՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում:

 

Դեսպանն իր խորին երախտագիտությունը հայտնեց հույն եղբայրական ժողովրդին՝ Հայաստանի և հայ ժողովրդի բնական դաշնակցին վերջինիս կողմից ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով, որ կշարունակի ջանքեր գործադրել էլ ավելի ամրապնդելու երկու երկրների դաշնակցային հարաբերությունները: Դեսպանն արձանագրեց, որ երկու ժողովուրդներն ունեն ընդհանուր արժեքներ, ընդհանուր սպառնալիքներ, նաև ընդհանուր պատմություն, որն ուրույն դերակատարություն ունի երկու պետությունների ձևավորման գործում:

 

Իր խոսքի վերջում դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Կալամատայի հույներին՝ Կալամատայի հայ համայնքի հետ միասին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու համար:

 

Միջոցառման ավարտից հետո կայացավ ծաղկեպսակի զետեղման արարողություն Հայոց ցեղասպանությանը նվիրված հայկական խաչքարի մոտ՝ Կալամատայի քաղաքապետի, Հունաստանում ՀՀ դեսպանության, Հունաստանի խորհրդարանի պատգամավորների, Կալամատայում Հունաստանի ԶՈՒ-ը ներկայացնող հրամանատարի ներկայացուցչի, Հունաստանում հայ համայնքի ներկայացուցիչների և Կալամատայի հայ համայնքի եկեղեցական խորհրդի նախագահի կողմից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում