Մենք պիտի գնանք օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացման ճանապարհով. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարբեր մարզերում ունեցած հանդիպումներից հետո արձանագրում է, որ ժողովուրդն ուզում է, որ Հայաստանում գոյություն ունենա ուժեղ ինստիտուցիոնալ իշխանություն, որը երկրում օրենքի անառարկելիության մթնոլորտ կստեղծի:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հունիսի 10-ին Վանաձորում ինքը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է իրականացնեն հեղափոխության երկրորդ փուլը, որը պիտի անվանեն էլի ոչ բռնի, ժողովրդական, բայց այս անգամ ոչ թե թավշյա, այլ պողպատյա հեղափոխություն:
«Ի՞նչ է նշանակում պողպատյա հեղափոխություն: Դա նշանակում է օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացում, դա նշանակում է օրենքի դիկտատուրա Հայաստանում, և մենք ձեր մանդատով գնալու ենք այդ ճանապարհով: Օրենքի մասին է խոսքը: Ոչ թե բռնության մասին է խոսքը, այլ օրենքի իշխանության մասին է խոսքը: Եվ ես ուզում եմ ասել, որ մենք այսպես ինստիտուցիոնալ ճանապարհով պիտի գնանք շարունակական պետական ինստիտուտների ուժեղացման և օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացման ճանապարհով: Եվ սա այսօր այլընտրանք չունի»,- ասաց Փաշինյանը:
Նա կարծիք հայտնեց, որ վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ-ում ձևավորվել է կառավարման կաստայական համակարգ: Նա հիշեցրեց իր կողմից անընդհատ բերվող վիճակագրությունը, որի համաձայն Հայաստանում 10 տարեկան երեխաների 30 տոկոսը կարդալ ընդհանրապես չգիտի: «այս 30 տոկոսը կարդալ չգիտի, դա նշանակում է, որ մի այլ 30 տոկոս կիսագրագետ է, մեկ այլ 30 տոկոս վատ կրթություն է ստացել: Սա վկայում է, որ երկրում հաստատված է եղել, և այսօր էլ այդ համակարգը վերացված չէ, կաստայական համակարգ, երբ գոյություն է ունեցել իշխող էլիտա, որը ինքը իրեն անընդհատ վերարտադրում է: Եթե որևէ աշխատատեղ կա, դա այդ էլիտայի ներկայացուցիչների համար է, պետական պաշտոններն այդ էլիտայի ներկայացուցիչների համար է»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Կարծիքներ