ՀՀ-ում կներդրվի կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ

ՀՀ-ում կներդրվի կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ

Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի` 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգն սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված աշխատանքներ են տարվել ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով տեխնիկական առաջադրանք մշակելու, ինչպես նաև պայամանագիր կնքելու իրավունք շնորհելու համար գնման ընթացակարգի մրցույթ հայտարարելու ուղղությամբ:

Նշվել է, որ այդ աշխատանքներին զուգահեռ, պարբերաբար «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում կատարվել են փոփոխություններ` ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրումը երկարաձգելու նպատակով:

Հետագայում, նկատի ունենալով ՀՀ կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը, այն է` ամբողջությամբ անցում կատարելը կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի տրամադրմանը, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել գլոբալ բարեփոխումների` Հայաստանի Հանրապետությունում ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլև ավելացնել բնակչությանն էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները: Մասնավորապես, ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ` ավելի շատ թվային ծառայություններ մատուցելու և այդ աշխատանքներում էլեկտրոնային ստորագրության կիրառումն առավել դյուրին դարձնելու ուղղությամբ:

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը նշել է, որ ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, ինչպես նաև օրենքի 5-րդ հոդվածի 18-րդ մասում և 9-րդ հոդվածի 3.1-րդ մասում կատարել համապատասխան լրացում և փոփոխություն` պայմանավորված նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրման ու գործարկման հետ և «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել` ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով:

Նշվել է նաև, որ նախատեսվում է ՀՀ-ում ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ` տալով այնպիսի լուծումներ, որ այն հնարավորություն ունենա բնակչությանը մատուցել թվային ծառայություններ: Այս ուղղությամբ կատարված աշխատանքների շրջանակում ընտրվել են միջազգային խորհրդատուներ, որոնք արդեն իսկ սկսել են ուսումնասիրությունները` ՀՀ կարիքներին համահունչ առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ: Քննարկվել են «Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման անվտանգության պահանջները և մրցույթի շրջանակը», որով նախատեսվել է ավարտին հասցնել ՀՀ քաղաքացու կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման մրցութային փաթեթը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվել է, թե երբ ՀՀ քաղաքացին կարող է ստանալ կենսաչափական անձնագիր: Ի պատասխան նշվել է, որ քանի դեռ մրցույթ չի կայացել, հնարավոր չէ հարցին ստույգ պատասխան տալ:

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության խորհրդի քարտուղար Ներսես Երիցյանը, անդրադառնալով հարցին, նշել է, որ ամբողջ գործընթացն իրականացնում է Ներքին գործերի նախարարությունը: Նշվել է, որ այս պահի դրությամբ տեխնիկական, տնտեսական մանրամասն վերլուծություններ են կատարվել: Այդ ոլորտում միջազգային ընկերությունները հետաքրքրված են, այժմ նրանց առաջարկությունների հիման վրա ամփոփվում են նախաորակման փաստաթղթերը: Երկու փուլային մրցույթ է լինելու, մասնակիցները պետք է նախաորակվեն, հետո արդեն փոքր խմբի միջև մրցույթ կիրականացվի:

Ըստ Ներսես Երիցյանի` նախաորակման մրցույթը կհայտարարվի մինչև տարեվերջ, դրանից հետո ևս երեք-չորս ամիս կպահանջվի, որ այդ ընկերությունները ներկայացնեն իրենց առաջարկները: «2025 թվականին կունենանք նոր համակարգ»,- ասել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության խորհրդի քարտուղարը:

Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել: Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթն ստացել է դրական եզրակացություն: Կառավարության առաջարկով՝ ԱԺ առաջիկա նիստում այն կքննարկվի 24-ժամյա ռեժիմով:

Օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 6-ի հերթական նիստում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում