Երևանի Արաբկիրի 23-րդ փողոցում տան տանիք է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 2-ին, ժամը 16:26-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արաբկիրի 23-րդ փողոցում այրվում է տուն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության և Փրկարար ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ տան տանիքում։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։34-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (100 քմ) և կախովի առաստաղի մոտ 50 քմ հատված։
Կարծիքներ