Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Իսաեւը հայտնել է հրաժարական տալու մասին
Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Կանատ Իսաեւը երեքշաբթի երկրի օրենսդիր ժողովի նիստում հայտարարել է, որ հրաժարական է տալու եւ մտադիր է առաջադրվել հանրապետության նախագահի թեկնածու, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Անհրաժեշտ է, որ վայր դնեմ խորհրդարանի խոսնակի լիազորությունները»,- հայտարարել է նա։
Իսաեւի պարզաբանմամբ՝ այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ իր ղեկավարած «Ղրղզստան» կուսակցությունն իրեն նախագահի թեկնածու է առաջադրել հունվարի 10-ի առաջիկա նախագահական ընտրություններում։
«Սադիր Ժապարովը գնում է ընտրությունների, ինչը նշանակում է, որ նախագահի լիազորությունները փոխանցվելու են խոսնակին։ Ես չեմ կարող այն ընդունել, քանի որ նույնպես առաջադրվելու մտադրություն ունեմ»,- շեշտել է նա։
Ղրղզստանում հոկտեմբերի 5-ին բողոքի զանգվածային ցույցեր էին ընթացել՝ չհամաձայնվելով հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Ուժայինների հետ ցուցարարների բախումներից հետո խորհրդարան չանցած ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցները գրավել էին խորհրդարանի շենքը, որտեղ է տեղակայված նաեւ նախագահական աշխատակազմը։ Բախումների ժամանակ տուժել է ավելի քան 1,2 հազար մարդ, մեկը մահացել է։ Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, նրա մամուլի քարտուղարի պնդմամբ, ամբողջ ժամանակ եղել է Բիշքեկում եւ վերահսկել իրավիճակը։ Ցույցերի ֆոնին Ղրղզստանի ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքներն անվավեր էր ճանաչել։
Ժեենբեկովի հրաժարականից հետո Իսաեւը հրաժարվել է կատարել նախագահի պարտականությունները։ Ղրղզստանի օրենքի համաձայն՝ լիազորությունները պետք է անցնեն նրան։
Կարծիքներ