Պրիգոժինի հանդեպ քրեական գործը չի կարճվել. ռուսական ԶԼՄ-ներ
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի գործը՝ խռովություն կազմակերպելու մասին, չի կարճվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ռուսական պետական ТАСС և Интерфакс լրատվական գործակալությունները` վկայակոչելով Ռուսաստանի գլխավոր դատախազության իրենց աղբյուրին:
«Պրիգոժինի նկատմամբ քրեական գործը չի փակվել: Հետաքննությունը շարունակվում է», - ասել է ТАСС-ի աղբյուրը։
Ավելի վաղ նման հրապարակում էր արել Коммерсантъ պարբերականը: Ըստ Коммерсантъ-ի աղբյուրի՝ դատախազությունում հայտնել են, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը չի չեղարկվել, խռովության գործով հետաքննությունը շարունակվում է, իսկ «այլ որոշում կայացնելու համար չափազանց քիչ ժամանակ է անցել»։
Զինված ապստամբություն հրահրելու վերաբերյալ քրեական գործը հարուցվել է հունիսի 23-ի երեկոյան՝ այն բանից հետո, երբ Պրիգոժինը մեղադրեց ռուս զինվորականներին «Վագներ»-ի դիրքերը գնդակոծելու մեջ և «արդարության երթ» հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության դեմ։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրեց առաջխաղացումը և զորքերը վերադարձրեց դաշտային ճամբարներ։
Հունիսի 24-ի երեկոյան Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, Պրիգոժինը կմեկնի Բելառուս, իսկ ապստամբությանը մասնակցած վարձկանները հետապնդման չեն ենթարկվի՝ հաշվի առնելով նրանց վաստակն առաջնագծում:
Պրիգոժինի գտնվելու վայրը ներկայում անհայտ է:
Կարծիքներ