Պետդեպարտամենտը ամերիկացիներին խորհուրդ է տվել անհապաղ հեռանալ Բելառուսից և Մերձդնեստրից

Պետդեպարտամենտը ամերիկացիներին խորհուրդ է տվել անհապաղ հեռանալ Բելառուսից և Մերձդնեստրից

ԱՄՆ իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին անհապաղ հեռանալ Բելառուսից և չճանաչված Մերձդնեստրից՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Պետդեպարտամենտի երկուշաբթի օրը տարածած հայտարարություններում։

Մեկում ասվում էր. «Մի՛ մեկնեք Բելառուս տեղական օրենքների կամայական կիրարկման, կալանավորման վտանգի, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ Բելառուսի սահմանի երկայնքով ուժերի անսովոր և մտահոգիչ կուտակման և COVID-19-ի և հարակից սահմանափակումների պատճառով: Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան հանրային կամ մասնավոր տրանսպորտով»: 

Ըստ ամերիկյան ԱԳՆ-ի՝ «ԱՄՆ քաղաքացիները, որոնք գտնվում են Բելառուսում կամ դիտարկում են այնտեղ գնալու հնարավորությունը, պետք է հաշվի առնեն, որ իրավիճակն անկանխատեսելի է, տարածաշրջանում լարվածության սրվածություն կա»։ ԱՄՆ իշխանությունները նախկինում ամերիկացիներին խորհուրդ էին տվել չայցելել Բելառուս։

Երկրորդ հայտարարության մեջ ընդգծվում է. «Մի՛ մեկնեք Մոլդովա՝ COVID-19-ի, Ուկրաինայի շուրջ ռուսական անսովոր և մտահոգիչ ռազմական գործողությունների, Մերձդնեստրի անջատողական շրջանի և կենտրոնական իշխանությունների միջև չլուծված հակամարտության պատճառով»: Բացի այդ, նշվում է, որ Մերձդնեստրում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում