Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին. կարևորվել է գործակցության ընդլայնումը

Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին. կարևորվել է գործակցության ընդլայնումը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ: Բարձր գնահատելով Ֆրանսիայի դերը մինչ այժմ Երևանում իրականացված ծրագրերում՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերությունները կլինեն շարունակական, ինչն իր հերթին կնպաստի Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև հաստատված բարեկամական ու գործնական հարաբերությունների առավել ընդլայնմանը:

Շնորհակալություն հայտնելով գործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Անն Լույոն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը՝ երկուստեք կապերի ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին աջակցելու և օժանդակելու համար:

Երևանի քաղաքապետարանն այսօր համագործակցում է Փարիզի, Մարսելի, Լիոնի, Նիցցայի և Իլ դը Ֆրանս շրջանի հետ: Կողմերը կարևորել են գործակցության ընդլայնումն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը՝ գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ:
Անդրադառնալով ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովին, որը տեղի է ունենալու այս տարի հունիսին Լիոնում, քաղաքապետն ու դեսպանը համոզմունք են հայտնել, որ այն լավ առիթ կհանդիսանա՝ բազմակողմանի քննարկելու հետագա համագործակցության տեսլականն ու ծրագրերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում