Արմավիրի մարզի երկու բնակիչներ ձերբակալվել են հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակվերում քննություն է տարվում՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հավելենք, որ 2022 թ. մայիսի 5-ին համացանցում տարածվել էին հրապարակում և տեսագրություն, որում երկու անձինք հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը:
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված անձանց ինքնությունը, ովքեր Արմավիրի մարզի՝ 1966 և 1967 թթ. ծնված բնակիչներ են:
Տվյալներ են ստացվել այն մասին, որ քաղաքական ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչները, Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով, Արմավիրի մարզի հիշյալ բնակիչներից մեկին նյութապես շահագրգռել են, վերջինս էլ իր հերթին՝ նյութապես շահագրգռել է այլ անձանց:
Արմավիրի մարզի հիշյալ երկու բնակիչները ձերբակալվել են:
Կատարվել է վերոհիշյալ տեսագրության զննություն, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ