ԱՄՆ-ում հակակոռուպցիոն և իրավապահ բարեփոխումների հայ-ամերիկյան համատեղ գործողությունների ծրագրեր են ստորագրվել
Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը՝ Հայաստանի կառավարության պատվիրակության կազմում, ԱՄՆ-ում մասնակցել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նիստի ավարտին Միացյալ Նահանգներն ու Հայաստանն ստորագրել են արդարադատության ոլորտին վերաբերող երկու համատեղ գործողությունների ծրագիր՝ հակակոռուպցիոն և իրավապահ բարեփոխումների վերաբերյալ։
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները հանդես են եկել նաև հետևյալ համատեղ հայտարարությամբ.
«Ս.թ. մայիսի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Վաշինգտոնում մեկնարկել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը, որի ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը երկուստեք վերահաստատել են երկկողմ հարաբերությունների բոլոր ուղղություններում կապերն ամրապնդելու իրենց հանձնառությունը։ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության այս փուլը համընկել է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի հետ։ Պատվիրակությունները դրական են գնահատել երկկողմ կապերի ընթացիկ մակարդակը և քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման ներուժը։ Հայաստանյան պատվիրակության կազմում էին Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, Պաշտպանության նախարարության պաշտոնյաներ: Ամերիկյան կողմից նիստին մասնակցում էին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը և պետքարտուղարության ու պաշտպանության դեպարտամենտի մի շարք պաշտոնյաներ։ Ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։
Ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և բարեկեցության երկուստեք խթանումը.
Փոխպետքարտուղար Դոնֆրիդը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի իր գործուն աջակցությունն ու համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ կառուցելու ժողովրդավարական ու տնտեսական հասանելի և արձագանքող հաստատություններ, որոնք արտացոլում են ընդհանուր արժեքները և ապահովում՝ ավելի լավ կառավարում ու ավելի մեծ բարեկեցություն։ Պատվիրակությունները համապարփակ երկխոսություն են ունեցել Հայաստանի դրական ժողովրդավարական ուղուն սատարելուն ուղղված ԱՄՆ աջակցության շուրջ։ Այն ներառում է մարդու իրավունքների, մեդիագրագիտության, սոցիալական պաշտպանության, արդարադատության ոլորտի բարեփոխումների և Ոստիկանության նոր պարեկային ծառայության աջակցության ծրագրեր: Պատվիրակությունները նաև քննարկել են դատական անկողմնակալության և խոսքի ազատության ամրապնդման հետ կապված հարցերը։ Տնտեսական ոլորտում երկուստեք բարեկեցության խթանմանն ուղղված կառուցակարգերի դիտարկումը նույնպես քննարկման առանցքային թեմաներից մեկն է եղել, այդ թվում՝ համագործակցությունն էներգետիկ ոլորտում և երկկողմ առևտրի ու ներդրումների խորացումն ու խթանումն աշխատուժի զարգացման միջոցով։
Դեպի անվտանգություն, խաղաղություն և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում.
Պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության հետ կապված հարցերը և փոխգործակցությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտներում՝ աղետների կառավարման, պաշտպանական բարեփոխումների, բժշկական և խաղաղապահության ասպարեզներում։ Պատվիրակությունները կարծիքներ են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ և անդրադարձել ԱՄՆ դերակատարմանը որպես Մինսկի խմբի համանախագահ, որն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մանդատ միջազգային հանրությունից։
Շոշափելի արդյունքների դիտարկում.
Նախարար Միրզոյանն ու հայկական պատվիրակությունը կառուցողական հանդիպումներ են ունեցել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերի, քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Վաշինգտոնում գտնվելու ընթացքում պատվիրակությունն ստորագրել է մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ փոխըմբռնման հուշագիր միջուկային համագործակցության վերաբերյալ, որի միջոցով մեր կառավարությունները կկարողանան ավելի ամուր կապեր ձևավորել երկու երկրների միջուկային փորձագետների, արդյունաբերությունների ու հետազոտողների միջև»։
Կարծիքներ