Սոչիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը

Սոչիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ այսօր տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը:

Մինչ այդ կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:

Իր խոսքում ՌԴ վարչապետը նշել է,

«Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործնկերներ, ուրախ եմ ձեզ ողջունել Սոչիում` Ռուսաստանի Դաշնությունում: Առաջին հերթին ցանկանում եմ Ձեզ փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի լավագույն բարեմաղթանքներն ու ողջույնները, ցանկանում եմ փոխանցել նաև ամենաջերմ մաղթանքները Հայաստանի նախագահ Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:

Մենք անկեղծորեն փայփայում ենք մեր եղբայրական հարաբերությունները, դրանք կրում են դաշնակցային և ռազմավարական բնույթ: Այսօր առևտրատնտեսական, ներդրումային համագործակցությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև զարգանում է ակտիվորեն, դինամիկ` չնայած անօրինական տնտեսական պատժամիջոցներին, որոնք ընդունել են ոչ բարեկամական մի շարք երկրներ: Հունվար-ապրիլին փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով և կազմել գրեթե 140 մլրդ ռուբլի, կամ ավելի քան 660 մլրդ հայկական դրամ: Իհարկե, կարևոր է պահպանել այդ դրական դինամիկան և փոխադարձ առևտրում դուրս գալ նոր ռեկորդային ցուցանիշների:

Հայաստանում հաջողությամբ աշխատում են ռուսական կապիտալով ավելի քան 4500 ընկերություններ, իրականացված ներդրումներն այսօր հայկական տնտեսությունում արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում են 46 տոկոսով: Անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները` ավելացնելու առևտուրը, ներդրումները և իհարկե այդ խնդիրը լուծում է մեր համատեղ միջկառավարական հանձնաժողովը, ռուսական կողմից այն գլխավորում է Ալեքսեյ Օվերչուկը: Աշխատանքը կառուցվում է մինչ 2025 թվականը տնտեսական համագործակցության միջկառավարական ծրագրի հիման վրա: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, հարգելի պարոն Գրիգորյանին, բոլոր գործընկերներին` հանձնաժողովում ակտիվ աշխատանքի համար: Մշտական կապի մեջ ենք, հանդիպում ենք և առևտրաշրջանառության աճի արդյունք է նաև հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը:

Մենք շահագրգռված ենք նոր համատեղ ծրագրերի իրականացմամբ` էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում: Ռուսական ընկերությունները պատրաստ են առաջարկել ժամանակակից լուծումներ, այդ թվում` էլեկտրոնային կառավարման ոլորտում, անվտանգ և խելացի քաղաքի կառուցման, տրանսպորտային ենթակառուցվածքների և մի շարք այլ նախագծեր:

Մեծ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցությանը, այժմ աշխատում են Ռուսաստանի Դաշնության ավելի քան յոթ տասնյակ սուբյեկտներ, ուղիղ կապի մեջ են Հայաստանի մարզերի, սուբյեկտների հետ: Նախորդ տարի Հայաստանում ռուսական տարածաշրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է 24 բիզնես առաքելություն: Կարևոր է ընդլայնել և ստեղծել նոր կոոպերացիոն կապեր:

Ռուսաստանը և Հայաստանը արդյունավետ կերպով աշխատում են Եվրասիական տնտեսական միությունում և անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունում: Վստահ եմ, որ այն որոշումները, որոնք մենք կընդունենք այստեղ` Սոչիում, նոր ազդակ կհաղորդեն տնտեսական ինտեգրմանը:

Համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության` մենք համակարգային աշխատանք ենք տանում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ, նոր ենթակառուցվածքային ուղղությունների ստեղծումը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում:

Հարգելի Նիկոլ Վովայի, մենք ունենք հագեցած օրակարգ և ցանկանում եմ խոսքը Ձեզ փոխանցել: Շնորհակալություն»:

Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշել է. «Շնորհակալություն Միխայիլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ ողջունում եմ ձեզ, շատ ուրախ եմ տեսնել ձեզ:

Դուք արդեն շատ բան ասացիք մեր տնտեսական կապերի մասին, իսկապես ունենք շատ լավ դինամիկա և ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանի Հանրապետությունում իրեն լավ է զգում: Հիշում եմ, նախորդ տարի քննարկում էինք, թե ինչպես կարելի է ակտիվացնել տնտեսական կապերը և երբ նայում եմ արդյունքներին` փաստում եմ, որ բազմաթիվ բաներ, որոնց մասին խոսել ենք, պայմանավորվել, արդեն կյանքի են կոչվել, ինչի համար շատ ուրախ եմ:

Կա բավականին մեծ ներրումային ակտիվություն, փոխադարձ առևտրաշրջանառությունն աճում է, հիանալի կերպով է աճում, և դա, իմիջայլոց, օգնում է Հայաստանի տնտեսությանը, որովհետև մենք ունենք բավականին լավ տնտեսական ակտիվություն: Այժմ արդեն ամառային շրջան է և մեզ մի փոքր անհանգստացնում է Վերին Լարսի մաքսակետի թողունակությունը։ Ես գիտեմ, որ ռուսական կողմն այնտեղ մեծ վերականգնողական աշխատանքներ է իրականացնում։ Հուսով եմ՝ առաջիկայում՝ այս ամսում, կամ, եթե կարող եք հստակեցնել, ե՞րբ է նախատեսվում ավարտել այդ աշխատանքները։ Սա շատ կարևոր տեղեկություն է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։ Եվ սա նաև կարևոր նրբություն է, որը մեծապես կխրախուսի մեր տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը։

Դուք արդեն նշեցիք տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի մասին։ Կարելի է ասել, որ վերջին հանդիպման ժամանակ բավականին շոշափելի առաջընթաց է նկատվել։ Եվ ես շատ ուրախ եմ այդ կապակցությամբ, և ուզում եմ ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ բացելու տարածաշրջանային և տնտեսական տրանսպորտային հաղորդակցությունները՝ այն կողմերի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքի շրջանակներում, որոնցով անցնում են այդ հաղորդակցությունները։ Սա վերաբերում է այն հաղորդակցություններին, որոնք նշված են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության 9-րդ կետում։ Եվ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք կոնկրետ լուծումների գալ։

Մենք մեր կոնկրետ առաջարկներն ենք առաջ քաշել, և ես հույս ունեմ, որ այդ առաջարկները կընդունվեն։ Սկզբունքորեն այնպես չէ, որ սրանք մեր առաջարկներն են, սա փոխզիջումային լուծում է, որը մենք մշակել ենք վերջին երկու տարվա ընթացքում։

Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և վստահ եմ, որ այսօր մենք կկարողանանք շատ արդյունավետ քննարկել բոլոր հարցերը»։

Արձագանքելով` Միխայիլ Միշուստինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վիվայի, երեկ՝ այդ թվում Ձեզ հետ հանդիպումից առաջ, ես հանդիպեցի տրանսպորտի նախարար Վիտալի Գենադիի Սավելևի հետ։ Մանրամասն քննարկել ենք, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետի հարցերը։ Նա համապատասխան խոստումներ է տվել՝ մինչև հունիսի 15-ն ավարտել բոլոր աշխատանքները։ Ինչպես հասկացա, խոսքը ևս չորս ճանապարհագծի մասին է և, համապատասխանաբար, երեկ նա ներկայացրեց աշխատանքների ընթացքը։ Եթե Ռուսլան Դավիդովն ավելացնելու բան ունի, ապա խնդրեմ։ Նա Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարն է»:

Ռուսլան Դավիդով - Շնորհակալություն, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Նիկոլ Վովայի: Իսկապես, և՛ մաքսային, և՛ սահմանային ծառայություններն անում են ամեն ինչ՝ վերակառուցման պայմաններում թողունակությունն ապահովելու համար։ Ամենօրյա ցուցանիշը կազմում է մոտ 1000 մեքենա երկու ուղղությամբ։ Հասկանալի է, որ գոնե մեկուկես հազարի պետք է հասցնենք, որպեսզի ընդհանրապես հերթեր չլինեն։ Տրանսպորտի նախարարությունից ակնկալում ենք, նրանք մեզ իսկապես խոստանում են, որ մինչև հունիսի 15-ն այս ճանապարհագծերը պատրաստ կլինեն։ Եթե այդ երթևեկելի գոտիները լինեն, կարծում եմ, որ մեկ շաբաթվա ընթացքում խցանումները կվերացնենք՝ հասցնելով դրանք զրոյի:

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին - Ուրեմն տեսեք, հունիսի 15-ին պետք է անեն, իսկ հունիսի 22-ին Դավիդովը պետք է պատասխան տա, որ խցանումներ չլինեն։ Պայմանավորվեցինք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Սա շատ լավ նորություն է. որովհետև, ճիշտն ասած, դժվար է հավատալ, որ այդպիսի բան հնարավոր է, որպեսզի Վերին Լարսում ընդհանրապես խցանումներ չլինել։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին - Այժմ ամեն ինչ հրապարակային քննարկեցինք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ոչ միայն քննարկեցինք, այլև արդեն խոստացաք։ Սա նշանակում է, որ դա պետք է արվի։ Շատ շնորհակալություն։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին - Դա միանշանակ է: Մենք երեկ նայեցինք, այդ թվում` լուսանկարներ օբյեկտներից, թե ինչ է կատարվում այնտեղ: Այնտեղ մեր գործընկերները շատ քրտնաջան աշխատում են։ Հուսով եմ, որ ամեն ինչ կկատարվի այնպես, ինչպես պայմանավորվել ենք»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կներեք, որքանո՞վ է ավելանալու վերակառուցումից հետո թողունակությունը»։

Ռուսլան Դավիդով - Կլինեն 39 երթևեկելի գոտիներ, որոնցից 15-ը բեռնափոխադրումների համար: Ինչպես արդեն ասացի, մինչ վերակառուցումը մենք հասել էինք ռեկորդային՝ օրական 1200 բեռնատար երկու ուղղություններով և 3500 մարդատար մեքենա։ Հիմա ակնկալում ենք, որ եթե 1200 էր, ապա բեռնափոխադրման ցուցանիշն օրական 1500 պետք է հասնի։ Իրականում Վերին Լարսը, թեկուզև վերանորոգման և վերակառուցման պայմաններում, ամենաակտիվ անցակետն է ընդհանրապես։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ շնորհակալ եմ Միխայիլ Վլադիմիրի։ Ես գիտեմ, որ եթե Դուք ինչ-որ բան խոստանում եք, ապա դա կատարվում է, և ես շատ ուրախ եմ դրա համար։ Շատ շնորհակալություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում