Զիջման մասին խոսք լինել չի կարող, ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա ՀՀ տարածքից. Փաշինյան

Զիջման մասին խոսք լինել չի կարող, ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա ՀՀ տարածքից. Փաշինյան

Հայաստանը պետք է հետևողական, հաստատակամ ու ոչ նյարդային քայլերով հասնի երկրի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը: Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա իրավիճակը հստակ է, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ պետական սահմանը, այստեղ զիջման մասին խոսք լինել չի կարող, որովհետև, եթե մենք մեր սահմանը զիջենք, դա նրանց ավելի է ոգևորելու: Մենք հստակ ասում ենք, որ միջազգային իրավունքի համաձայն՝ սա մեր սուվերեն տարածքն է, և Ադրբեջանի զինված ուժերը միանշանակ պետք է մեր տարածքից դուրս գան: Եվ այստեղ է, որ մեր հաստատակամությունը պետք է հստակ երևա, բայց մյուս կողմից մենք չպետք է թույլ տանք, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա: Մենք այսօր առաջինը դիվանագիտական եղանակներով պետք է այս օրակարգը առաջ մղենք և հստակ միջազգային պահանջ դնենք»,- ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, այլ երկրներ հստակ ընդունում են, որ ադրբեջանական զինուժը ներխուժել է ՀՀ տարածք և պետք է դուրս գա, ԵՄ խորհրդարանն ընդունել է բանաձև, որտեղ այս փաստը հստակ արձանագրել է, Ռուսաստանն էլ հստակ ընդունում է, որ դա ՀՀ տարածքն է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում