Ընդլայնվել են արտաուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ուղղությունները

Ընդլայնվել են արտաուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ուղղությունները

Արվեստի դպրոցների մանկավարժների և մարզադպրոցների մարզիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կմեկնարկի 2024 թվականի մարտի 15-ից:

Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողներն ու մարզադպրոցների մարզիչ-մանկավարժներն իրենց ցանկությամբ կարող են հայտեր ներկայացնել և մասնակցել կամավոր ատեստավորմանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 19-ի «Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների կամավոր ատեստավորման 2024 թվականի ուղղությունները հաստատելու մասին» հրամանով էականորեն ընդլայնվել են արտաուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ուղղությունները:

ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏ

Դասական գործիքներ և տեսություն

Դաշնամուր (դաշնամուր)
Լարային գործիքներ (ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս)
Տեսություն
սոլֆեջո, երաժշտական գրականություն (երաժշտական բաժին)
երաժշտական գրագիտություն (պարարվեստի, թատերարվեստի բաժին)
Ազգային նվագարաններ

Փողային նվագարաններ (պարկապզուկ, պկու, զուռնա, դուդուկ, սրինգ, բլուլ, շվի)
Լարային նվագարաններ (քանոն, սազ, թառ, ուդ, սանթուր, քամանչա, քամանի, բամբիռ)
Դհոլ (2024 թվականին թեստավորումը անցկացվելու է ազգային լարային նվագարանների հարցաշարի հիման վրա)
Կերպարվեստ

Կերպարվեստ 1 (կերպարվեստի հիմունքներ և նկարչություն, գծանկար, գունանկար, կոմպոզիցիա)
Կերպարվեստ 2 (կերպարվեստի հիմունքներ և նկարչություն, քանդակ, ծեփագործություն)
Կիրառական արվեստ (կիրառական արվեստի հիմունքներ, գորգագործություն, կարպետագործություն, գոբելեն, խեցեգործություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն):
ՄԱՐԶԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծանրամարտ
Բռնցքամարտ
Աթլետիկա
Բասկետբոլ
Դահուկավազք
Հրաձգություն
Սեղանի թենիս
Կարատե
Ազատ ոճի ըմբշամարտ
Հունահռոմեական ըմբշամարտ
Սամբո
Ձյուդո
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ

Հայտերի ընդունումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» միջոցով (at.emis.am):

Ատեստավորմանը մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝

• մանկավարժական աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը,
• ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան),
• ուղղությունը, որից դիմողը պատրաստվում է ատեստավորվել,
•անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, էլեկտրոնային հասցեն, բջջային հեռախոսահամարը,
• մանկավարժական աշխատողի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը. մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող կամ վերջին 5 տարում ատեստավորվող ուղղության դասավանդումը հավաստող տեղեկանքը,
• աշխատելու և այլ արտադպրոցական ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից։

Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող, սակայն մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձինք, որոնք ատեստավորումը հաղթահարելու դեպքում լրավճար կարող են ստանալ որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից։

Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։

Մանկավարժական աշխատողների ատեստավորումն իրականացվելու է գրավոր՝ թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:

Հավելենք նաև, որ «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» որոշման մեջ կատարվելու են կամավոր ատեստավորման ընթացակարգերը բարելավվող փոփոխություններ: Փոփոխված կարգը, ինչպես նաև ատեստավորման քննության թեստի ուղեցույցների վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով կհրապարակվեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում