ԵՄ-ն Հունգարիային տուգանել է 200 միլիոն եվրոյով
Հունգարիան չի ենթարկվի ԵՄ դատարանի կողմից ֆինանսական շանտաժին և չի փոխի իր միգրացիոն քաղաքականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետի վարչակազմի ղեկավար Գերգելի Գույաշը։
Հունիսի 13-ին Լյուքսեմբուրգում Եվրամիության դատարանը Հունգարիային դատապարտել է 200 միլիոն եվրո տուգանքի։ Բացի այդ, երկիրը պետք է օրական մեկ միլիոն եվրո վճարի միգրանտների ընդունման վերաբերյալ համաեվրոպական կանոնների խախտման հետ կապված դատարանի որոշումները չկատարելու համար:
«Հունգարիան չի ենթարկվի ֆինանսական շանտաժի և չի փոխի իր միգրացիոն քաղաքականությունը», - կառավարության ճեպազրույցի ժամանակ Գույաշի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովստի»-ն:
Նա հավելել է, որ «նորմալ դատարանը երբեք նման որոշում չէր կայացնի»։ Քաղաքական գործիչը որոշումը համարել է վիրավորական, անարդար ու անընդունելի և ընդգծել, որ այն «լիովին հակասում է այն ամենին, ինչ մենք մտածում ենք եվրոպական իրավունքի, Հունգարիայի սահմանադրության, արտաքին սահմանների պաշտպանության և միգրացիայի դեմ պայքարի արդյունավետ գործողությունների մասին»։
Կարծիքներ