Կալիֆոռնիայում Moderna ընկերության պատվաստանյութի ներարկումից հետո ալերգիկ ռեակցիայի մի քանի դեպք է գրանցվել
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի առողջապահության ոլորտի աշխատակիցները կիրակի խորհուրդ են տվել դադարեցնել Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խմբաքանակներից մեկի կիրառումը դեղամիջոցի հանդեպ ոմանց մոտ ի հայտ եկած ալերգիկ ռեակցիայի պատճառով:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, պատվաստումից հետո 24 ժամվա ընթացքում բուժհաստատություններից մեկում 10 մարդ գանգատվել է ալերգիկ ռեակցիայից: Միևնույն ժամանակ նշվում է, որ նման ախտանշանների ի հայտ գալու հաճախականությունը նմանօրինակ պատվաստանյութերի ներարկումից հետո կազմում է մեկ դեպք 100 հազարից:
Ավելի վաղ դեղամիջոցի ավելի քան 330 հազար չափաբաժին է մատակարարվել նահանգի 287 կազմակերպություններ:
«Որպես ծայրահեղ անվտանգության միջոց և հաշվի առնելով պատվաստանյութի մատակարարումների սահմանափակ լինելը՝ խորհուրդ ենք տալիս այլ հնարավոր պատվաստանյութեր կիրառել և դադարեցնել Moderna-ի խմբաքանակի պատվաստանյութի կիրառումը նախքան հետաքննության ավարտը»,- հայտարարել է նահանգի համաճարակաբան Էրիկ Պանը:
Հիշեցնենք, որ ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության պատվաստանյութը դեկտեմբերի 18-ին հավանության է արժանացել ԱՄՆ առողջապահության նախարարությանը կից դեղամիջոցների որակի վերահսկողության վարչության կողմից:
Կարծիքներ