«Էրեբունի ամրոց» ռեստորանի խնջույքի մասնակիցները վիճաբանել են, կրակել միմյանց վրա. կա ձերբակալված
Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ մեկ անձ ձերբակալվել է:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
«Քրեական վարույթի շրջանակներում իրականացվում է քննություն՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության, սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
2023 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:50-ին, Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ երիտասարդներ Էրեբունի թանգարանի մոտակայքում ոչ սթափ վիճակում բղավում, հայհոյում են և կրակում միմյանց ուղղությամբ։
Դեպքի առթիվ 2023թ․ հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել և վերցվել են արնանման նյութի հետքեր, դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ:
Ռեստորանային համալիրից քիչ հեռու՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, իսկ մեքենայի տարբեր հատվածներում առկա են եղել կրակոցի հետքեր: Ռեստորանային համալիրի դիմացի հատվածում հայտնաբերվել է նաև շարժիչը միացված վիճակում գտնվող «BMW 530 XI» մակնիշի ավտոմեքենա։
Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից դեպքի վայրում բռնվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի 25-ամյա բնակիչ։
Քննիչի որոշմամբ վերջինս ձերբակալվել է՝ առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով։
Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խնջույքի ընթացքում վիճաբանություն է առաջացել խնջույքին մասնակից անձանց միջև, ինչը շարունակվել է համալիրի դիմացի հատվածում։ Դրա ընթացքում վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը կրակոցներ է արձակել վիճաբանող անձանց և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Նշանակվել են դատաապրանքագիտական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները, ինչպես նաև` վիճաբանությանը մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Այդ նպատակով ոստիկանության Էրեբունու բաժնին տրվել է հանձնարարություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ