Համայնքային մարզամշակութային կազմակերպությունները կաշխատեն նոր պայմաններով

Համայնքային մարզամշակութային կազմակերպությունները կաշխատեն նոր պայմաններով

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը համայնքային ենթակայության մարզամշակութային կազմակերպությունների տնօրենների հետ քննարկել է ոլորտների հիմնական խնդիրներն ու անելիքները: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Թատրոնների առնչությամբ կարևորվել է նոր բեմադրությունների պլանավորման և նախապատրաստական աշխատանքները: Ներկայացվել են նաև «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» և «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» ՀՈԱԿ-ների հիմնանորոգման, արդիականացման և տեխնիկական վերազինման ծրագրերը: Ստեղծված իրավիճակում կարևորվել է թանգարաններում նոր նախագծերի իրականացումը, նոր գործիքակազմերի, առցանց հարթակների ճիշտ օգտագործման հնարավորությունների ներդրումը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 26 երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներում ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 15-ից: Անհատական և խմբային, տեսական և գործնական պարապմունքները, բացառությամբ շնչառական և մարմնա-պլաստիկական գործողություններ ենթադրող դասընթացների, պետք է իրականացվեն դիմակներով: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ընդունելությունը կկազմակերպվի մինչև սեպտեմբերի 20-ը: Երևանի քաղաքապետարանի մանկապատանեկան ֆիլհարմոնիաների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների և մշակույթի տների գործունեությունը կվերսկսվի սեպտեմբերի 22-ին: Համայնքային ենթակայությամբ գործող մարզական կազմակերպությունները ուսումնական տարին կսկսեն սեպտեմբերի 25-ից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում