Արցա՛խ, մնա ուժե՛ղ․ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության հերթական հաղթանակից հետո աջակցությունն է հայտնել Արցախին
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը երրորդ հաղթանակն է տոնել Ավստրալիայի բաց առաջնությունում։ Նա այդ հաղթանակը որպես աջակցություն՝ նվիրել է Արցախին:
Մրցախաղից հետո, ըստ ավանդության, թենիսիստները գրություն են թողնում տեսախցիկի վրա: Խաչանովն իր աջակցությունն է հայտնել Արցախին՝ գրելով. «Արցա՛խ, մնա ուժե՛ղ»:
Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Ֆրենսիս Տիաֆոյի հետ և գերազանցել նրան:
Ռուսաստանցի մարզիկի հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի թենիսիստ Յոսիհիտո Նիշիոկան։ Մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար նրանց հանդիպումը կկայանա հունվարի 22-ին:
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին:
Կարծիքներ