Հարավային Կովկասի տարածաշրջանի համար շվեյցարական համագործակցության նոր ծրագիր է մշակվել

Հարավային Կովկասի տարածաշրջանի համար շվեյցարական համագործակցության նոր ծրագիր է մշակվել

 Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ստեֆան Կլոտզլին և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, միևնույն ժամանակ նաև Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ պարոն Վերներ Թութը հայտարարել են Հարավային Կովկասի տարածաշրջանում 2022թ.-2025թ. Շվեյցարական համագործակցության նոր ծրագրի մասին։ 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատնից, ծրագիրը նկարագրում է այն նպատակները, որոնց Շվեյցարիայի միջազգային համագործակցությունը ձգտում է հասնել Հարավային Կովկասում: Հայաստանում նոր ծրագրի բյուջեն կկրկնապատկվի և հետագա չորս տարիների ընթացքում կկազմի ավելի քան 20 մլն շվեյցարական ֆրանկ (CHF):

Շվեյցարական համագործակցության 2022-2025 թվականների ծրագիրը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար կենտրոնանալու է չորս հիմնական ոլորտների վրա.

1) տարածաշրջանում քաղաքացիական ներգրավվածության և համագործակցության խթանում,

 2) ժողովրդավարության և հասարակական ինստիտուտների ամրապնդում,

 3) տնտեսական զարգացման բարելավում և արժանապատիվ աշխատատեղերի ստեղծում,

4) կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացում և ռեսուրսների կայուն կառավարում:

Հնարավորության դեպքում Հարավային Կովկասի տարածաշրջանում Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող բոլոր ծրագրերում աղքատության կրճատումը կդիտարկվի որպես առանցքային պահանջ: Ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանային համագործակցությանը։

Շվեյցարիայի աջակցությունը Հայաստանին կշարունակի կենտրոնանալ գյուղական համայնքների տնտեսությունների ամրապնդման վրա՝ գյուղատնտեսական արժեշղթաների դիվերսիֆիկացման, հաշվետվողականության մեխանիզմների հետագա բարելավման, քաղաքականության մեջ քաղաքացիական վերահսկողության և թափանցիկության ապահովման, ինչպես նաև կլիմայի փոփոխությանն ի պատասխան կենսաբազմազանության և բնական հարստության պահպանման միջոցով։ Բացի այս թեմատիկ շեշտադրումներից, Շվեյցարիան հետագայում ևս կշարունակի ֆինանսավորել տեղական ՀԿ-ների փոքր նախաձեռնություններն այնպիսի թեմաներով, ինչպիսիք են լրատվամիջոցները, միգրացիան և շրջակա միջավայրը: Ավելին, Շվեյցարիան կաջակցի տեղական հայկական արվեստին՝ ֆինանսավորելով մշակութային նախագծեր, որպես տարածաշրջանային արվեստի և մշակութային ծրագրի մի մաս:

Այս բոլոր գործողությունները հիմնվելու են Հայաստանում Շվեյցարիայի ավելի քան 30 տարվա գործունեության վրա: «Շվեյցարիան տարածաշրջանում իր երկարամյա ներգրավվածության շնորհիվ ամուր և վստահելի հարաբերություններ է կառուցել Հայաստանի հետ: Տարածաշրջանային համագործակցության նոր ծրագիրն այս ամուր և սերտ հարաբերությունների շարունակականությունն է», - ասել է գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Ստեֆան Կլոեցլին ծրագրի մեկնարկի միջոցառման ժամանակ:

Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային գործակալության տնօրենի տեղակալ պարոն Վերներ Թութը 2021 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում ներկայացրեց Տարածաշրջանային նոր ծրագիրը։ Միջոցառմանը ֆիզիկապես և առցանց ձևաչափով մասնակցում էին էկոնոմիկայի, ֆինանսների, բնապահպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների փոխնախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները: Բացի այդ, միջոցառմանը մասնակցում էին միջազգային դոնոր համայնքի և գործընկեր կազմակերպությունների, քաղաքացիական և ակադեմիական հասարակության ներկայացուցիչները:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում