Անդրադարձ է արվել Իտալիայում գործող հայագիտական կենտրոնների գործունեությանը. ԿԳՄՍ նախարարը ընդունել է դեսպանին

Անդրադարձ է արվել Իտալիայում գործող հայագիտական կենտրոնների գործունեությանը. ԿԳՄՍ նախարարը ընդունել է դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

 Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ: Ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի ու արդեն իսկ առկա համագործակցության կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել՝ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ուղղությամբ փոխգործակցությունն առավել կխորանա:

 

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարարը կարևորել է իտալերենի զարգացմանն ուղղված ծրագրերն ինչպես բուհական, այնպես էլ հանրակրթական համակարգում: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Երևանի 3 դպրոցում իրականացվում է իտալերենի ուսուցման փորձնական ծրագիր՝ Իտալիայից ժամանած մասնագետների ներգրավմամբ:

 

Անդրադարձ է կատարվել նաև Իտալիայում գործող հայագիտական կենտրոնների գործունեությանը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է Վենետիկի Կա՛Ֆոսկարի և Հռոմի Լա՛Սապիենցա համալսարաններում հայագիտական ամբիոնների գործունությունը, ինչպես նաև առաջարկել է զարգացնել երկխոսությունն ու փոխհամագործակցությունը ՀՀ պետական բուհերի հետ՝ իրականացնելով համատեղ կրթագիտական ծրագրեր, ինչպես նաև ուսանողների և երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրեր:

Անդրադառնալով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ԵՄ ընձեռած հնարավորությունների, մասնավորապես՝ «Հորիզոն Եվրոպա» և «Էրազմուս+» ծրագրերի շրջանակում համագործակցության խթանման և բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտներում միջբուհական կապերի ընդլայնման հնարավորությունները։

Նախարարը կարևորել է նաև համատեղ մշակութային նախաձեռնությունների անցկացումը հնագիտության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման, թանգարանների, երաժշտության, կինոյի ոլորտներում՝ վստահություն հայտնելով, որ առկա է համագործակցության ընդլայնման մեծ ներուժ: Քննարկվել է նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման բնագավառում իտալական կողմի աջակցությամբ նախատեսվող ծրագրերի իրականացման հնարավորությունը։

ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ է ստանձնում իր առաքելությունը Հայաստանում: Ընդգծելով պատմական սերտ առնչությունները, դարավոր կապերն ու ընդհանուր արժեհամակարգերը՝ դեսպանը վստահություն է հայտնել՝ Հայաստանի և Իտալիայի միջև հատկապես մշակույթի ոլորտում առկա է համագործակցության լայն ներուժ:

Կարևորելով համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը՝ ԿԳՄՍ նախարարն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել գործադրելու բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում